April 14, 2011

Դեբիտորական պարտքերի հավաքագրումը դժվարացել է: Նայած ում համար…

Մասնավոր ընկերությանը միշտ էլ անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ գործունեության ընդլայնման, հումքի ձեռք բերման, աշխատավարձերի վճարման և այլ նպատակներով: Իսկ որտեղի՞ց գտնել անհրաժեշտ միջոցները: Բանկերի՞ց, վարկային կազմակերպությունների՞ց, ընկերների՞ց, ծանոթների՞ց: 

Առաջարկեմ ամենալավ տարբերակը. հավաքեք ձեր պարտքերը: Պարտքեր, որ կուտակվել են ապրանքների և ծառայությունների վաճառքից: Պարտքեր, որ չեն վճարվում ձեր հաճախորդների կողմից արդեն երկար ժամանակ: Իսկ հաճախորդները ուշացնում են վճարումները հազար ու  մի պատճառաբանություններով`սկսած նրանից, որ իր վճարումներն էլ են ուշացնում, վերջացրած գալիք օրերին վճարելու հավաստիացումներով:

Այս ամենի վերջը այն է, որ բոլորը բոլորին պարտք են: Իսկ սա ոչ մի լավ բան չի խոստանում: Ավելի լավ է անցնենք գործի ու հավաքենք մեր պարտքերը: Իսկ ինչպե՞ս: Ի՞նչ է հարկավոր առավել արդյունավետ լինելու համար: Ինչպիսի՞ ունակություններ պետք է ձեռք բերել: Ո՞ր կարողությունն է, որ առավել օգտակար կլինի այդ գործի համար: Հարցեր, միայն հարցեր:

Պետք է լինել դիվանագետ և բանակցող, պլանավորող և իրականացնող, կոնկրետ և նպատակային: Պետք է հասկանալ տվյալ հաճախորդի տիպը, նրա հետ բանակցելու ոճը, նրան բացատրելու միջոցները: Չպահանջել, չխնդրել, այլ բացատրել:

Ինչպես սովորեցնում է մեր դասընթացավար Սվետլանա Վերյազովան, անհրաժեշտ է գտնել լուծում, որը կլինի win-win (հաղթող - հաղթող): Ներգրավեք ձեր հաճախորդին  որոշում կայացնելու գործընթացին: Իսկ որոշումը պետք է լինի պարտքի մարման հստակ ժամկետը:  

Դուք պետք է կառավարեք գործընթացը: Ձեր դեբիտորական պարտքերի մարման գործընթացը: Այլապես, այդ պարտքերի ուշացման պատճառով ստիպված կլինեք ետ քայլ անել կամ լավագույն դեպքում տեղում դոփել: Այս տարբերակը ձեզ համար չէ: Չէ՞ որ արագություններն աճում են: Պետք չէ' ետ մնալ զարգացումներից
:

No comments :

Post a Comment