June 5, 2011

Կառավարե՞լ, թե՞ հաշվել շահույթները

Արդյո՞ք ընկերության սեփականատերը կարող է արդյունավետ կառավարել:
Միշտ չէ, որ դա այդպես է: Ավելին, շատ դեպքերում նրանք նույնիսկ խոչընդոտում են ընկերության զարգացումը: Զարմանալի է, չէ՞:

Հարցը մի քանի կողմ ունի:



Առաջինը կրթությունն է: Արդյո՞ք սեփականատերը, ով որոշել է սկսել բիզնես, ունի կառավարչին համապատասխան կրթություն և գիտելիքներ:  Համաձայն եմ, որ մեր կրթական համակարգը դեռ չի ապահովում համապատասխան կադրեր: Համաձայն եմ, որ շատ բիզնեսմեններ հասել են գլխապտույտ հաջողությունների առանց որևէ կրթության: Սակայն սրանք բացառություններ են:

Երկրոդը,  ձեռնարկատիրական ունակությունների առկայությունն է: Հնարավոր է ունենալ համապատասխան կրթություն, սակայն միաժամանկ չունենալ մարդկանց կառավարելու ունակություն, դժվար որոշումներ կայացնելու կարողություն, երկարաժամկետ մտածելակերպ:  Շատերն են ձախողվում այս պատճառով: Ունենալով փայլուն գաղափար` գրանցում են իրենց բիզնեսը, հավաքում մարդկանց և… չեն կարողանում կառավարել:

Երրորդ կարևոր գործոնը սեփականատիրոջ բնավորության գծերն են: Արդյո՞ք սեփականատերը կառավարման ընթացքում իր բիզնեսին վերաբերվում է որպես սեփականություն, թե՞ որպես բիզնես: «Եթե իմն է, ապա ինչ կուզեմ, կանեմ» մոտեցումն ապահովում է կայուն ձախողում:
Իսկ ինչու՞ սեփականատերերը չեն ուզում իրենց բիզնեսի կառավարումը հանձնել այլ մարդկանց: Պատճառները մի քանիսն են.
  1.  չեն վստահում, քանի որ վախենում են խաբվելուց
  2. չեն հավատում, որ որևէ մեկը իրենցից ավելի լավ կարող է հասկանալ իր բիզնեսի նրբությունները
  3. չեն ուզում, քանի որ բիզնեսը «իրենցն է»
  4.  և ամենաադեկվատ պատճառն այն է, որ որոշ սեփականատերեր իրոք շատ լավ կառավարիչներ են:

Իսկ որտե՞ղ է ճշմարտությունը: Իմ կարծիքով բիզնեսը պետք է վարի պրոֆեսիոնալ կառավարիչը: Ինչպես նշեցի, որոշ դեպքերում այդ կառավարիչը կարող է լինել հենց ինքը` սեփականատերը: Իսկ մնացած դեպքերում պետք է աշխատանքի ընդունել փորձված տնօրենի: Կամ նրան պատրաստել ընկերության ներսում:

Միտումները արդեն կան: Սկսվել է սեփականատերերին պրոֆեսիոնալ կառավարչներով փոխարինելու գործընթացը: Ամեն դեպքում գործընթացը արդեն սկսվել է: Ինչպես ասում են, «ավելի լավ է դանդաղ, քան երբբեք»:

No comments :

Post a Comment