July 26, 2011

Գի՞րք, թե՞ թրեյնինգ

Վերջերս տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական ցանցերում, շատ են ակտիվացել քննարկումները այն մասին, թե ինչու՞ հաճախել թրեյնինգների, եթե կարելի է այդ նույն թեմայով գիրք կարդալ, որը լիովին բավարար է: Ավելին, թրեյնինգների մասնակցության համար պետք է վճարել միջինում քսան հազար դրամ, իսկ համապատասխան թեմայով գիրքը կարելի է գնել` վճարելով ընդամենը 2000-5000 դրամ:  

Կուզենայի ներկայացնել իմ տեսակետը այս թեմայի վերաբերյալ: Կարծիք, որը հիմնված է 20 տարվա փորձի վրա, որը կուտակվել է հազարավոր ընկերությունների համար մշակված և մատուցած թրեյնինգային ծրագրերի արդյունքում: Իմ կարծիքով գիրքը և թրեյնինգի մասնակցությունը ամբողջապես փոխլրացնում են միմյանց: Առանց մեկի պատկերը կարծես ամբողջական չի լինում: Ավելին` որևէ թրեյնինգի մասնակցելու համար նույնիսկ ցանկալի կլինի ծանոթանալ այդ թեմայով որևէ նշանավոր հեղինակի գրքի: Բացատրեմ, թե ինչու:

Բիզնեսի վերաբերյալ գրքի ընթացումը հնարավորություն է տալիս.
  •  Ծանոթանալ միջազգային փորձին
  •  Տեղեկանալ աշխարհում կիրառվող մեթոդներին
  • Գրքում ներկայացված գործիքները փորձել կիրառել աշխատանքում

Թրեյնինգը դա.
  • Ունակությունների և կարողությունների ձեռք բերում է
  •  Հմտությունների հղկում է պրակտիկ վարժությունների և խաղերի միջոցով
  • Փորձի փոխանակում է թրեյնինգի այլ մասնակիցների հետ
  • Խմբի մասնակցիների կողմից ներկայացված կոնկրետ դեպքերի քննարկում, վերլուծություն և լուծումների փնտրում
  • Ներկայացվող մեթոդների, գործիքների և մոտեցումների ամբողջական ադապտացում հայկական պայմաններին:


Հիմա վերցնենք, օրինակ` անձնակազմի կառավարման թեման: Գոյություն ունեն բազմաթիվ գրքեր ռուսերեն, անգլերեն, այլ լեզուներով, բայց, ցավոք սրտի, ոչ հայերեն: Չնայած միգուցե կա որևէ արտասահմանյան հեղինակի թարգամնված տարբերակը, սակայն փորձը ցույց է տալիս, որ թարգմանությունների որակը, մեղմ ասած, չի բավարարում բիզնես-համայնքի ակնկալիքներն ու սպասելիքները: Ուրեմն, ունենք գիրք անձնակազմի կամ ինչպես սովորաբար ասում են, մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ, որտեղ գեղեցիկ ձևով ներկայացվում են տարբեր մոտեցումներ, նրանց կիրառությունը տարբեր ընկերություններում, ստացված արդյունքները և այլն: Այսինքն, գրքի միջոցով մենք ստանում ենք հիմնականում տեսական գիտելիքներ:

Իսկ թրեյնի՞նգը: Այստեղ մասնակիցը հնարավորություն է ստանում պրակտիկ հղկել իր ունակությունները, ասենք աշխատանքի ընդունման հարցազրույց վերցնելով մեկ մասնակցից: Այս դերակատարումը քննարկվում է, վերլուծվում է, որի արդյունքում ստացվում է լավագույն տարբերակը` հիմնված կատարված սխալների և դրական մոտցումների վրա:

Գիրքը գիտելիք է տալիս, իսկ թրեյնինգների ժամանակ փորձ է կուտակվում: Գիրքը տալիս է տեսական նյութ և որոշ օրինակներ` ասենք ամերիկյան կամ ռուսական ընկերություններից: Իսկ թրեյնինգների ընթացքում գիտելիքները պրակտիկ կիրառվում են, փորձարկվում են, քննարկվում են տարբերակներ և փորձում են գտնել լավագույն տարբերակը` բոլոր մասնակիցների ներգրավմամբ: Գիրքը գեղեցիկ և խելացի մտքերի շտեմարան է, իսկ թրեյնինգը ունակությունների զարգացում:

Եվս մեկ կարևոր հանգամանք. կարելի է կարդալ հազարավոր գրքեր և ընթերցանության վրա ծախսել բավականին շատ ժամանակ: Իսկ թրեյնինգների ընթացքում կարճ ժամանակում փորձառու մասագետի կողմից ներկայացվում են մասնագիտական գրքերից ամենախելացի, ամենակարևոր մտքերը, գաղափարները: Մասնակիցները գրառում են դրանք, փորձում կիրառել, հետագայում ավելի խորությամբ ուսումնասիրել դրանք:

Այնպես որ շարունակեք կարդալ օգտակար գրքեր և մասնակցել լավագույն թրեյնինգների:    

No comments :

Post a Comment