Այսօր Հայաստանում գլխավոր հաշվապահների գործառույթները շատ բազմազան են: Այս պաշտոնը զբաղեցրած աշխատակցի գործունեության մեջ մտնում է և' կառավարչական, և' հարկային, և' ֆինանսական հաշվապահությունների իրականացումը: Այսօր շատ ընկերություններ գանձապահի և կադրային գործի համար ստեղծում են առանձին հաստիքներ: Սակայն կան նաև այնպիսի ընկերություններ, որտեղ գլխավոր հաշվապահը, ունենալով մի քանի օգնականներ, ստանձնում է մենեջերի ֆունկցիա: Մեկ այլ ընկերությունների խումբ ընկերության կառավարման պատասխանատվությունը հանձնում է հաշվապահին:
Իհարկե, առաջին հերթին գլխավոր հաշվապահը պետք է լինի գործի իսկական մասնագետ: Նա պետք է անընդհատ հետևի և իրազեկ լինի օրեցօր փոփոխվող օրենքներին, պետք է խորը գիտելիքներ ունենա հաշվապահական հաշվառման, հարկային և աշխատանքային օրենսդրության վերաբերյալ, տիրապետի հաշվապահական ավտոմատացված ծրագրերի, պետք է կարողանա սովորեցնի, կառավարի և ուշադիր լինի իր ենթականերին:
Հաշվապահի մասնագիտությունը մի այնպիսի մասնագիտություն է, որը պահանջում է անընդմեջ վերապատրաստում, անընդհատ ուսուցում և մասնագիտական զարգացում: Այդ պատճառով նրանց անհրաժեշտ են թրեյնինգներ, խորհրդատվություն գիտակ և փորձառու մասնագետների կողմից:
Շատերի մոտ կա մի սխալ ենթադրություն, որ լավ հաշվապահ լինելու համար պետք է կարողանալ աշխատել թվերի և թղթերի հետ, որ հաշվապահը ակնոցով, ձեռնոցներով, համակարգչով և հաշվիչ մեքենայով, փողերը ձեռքին մի ծեր մարդ է: Բացի այդ հաշվապահը հարկայինի անձնակազմի հետ «կռիվ տվող» մարդ է, ով պաշտպանում է ընկերության և տնօրենի շահերը:
Հաշվապահի համար այսօր շատ կաևոր է հաղորդակցությունը` կարողանալ համագործակցել, պայմանավորվել, պնդել իր տեսակետը: Հաշվապահը պետք է լավ հարաբերություններ ստեղծի տնօրենի, ընկերության տարբեր կառուցվածքներում աշխատող աշխատակիցների հետ, գործակից ընկերությունների և արտաքին վերահսկողների հետ:
Այստեղ նաև շատ է կարևորվում ենթակա աշխատողների կառավարումը, թե կարողանու՞մ է արդյոք գլխավոր հաշվապահը բաշխել աշխատանքը իր ենթակաների միջև, կառավարել այդ աշխատանքների իրականացումը, այնուհետև գնահատել կատարված աշխատանքը: Եվ այս բոլոր աշխատանքները, իհարկե, կատարել` կառավարելով և՛ իր, և՛ իր ենթակաների ժամանակը: Իհարկե, սա մեծ խնդիր է դառնում հաշվետվությունների կազմման և հարկային ստուգումների ընթացքում: Այստեղ իսկապես երևում է գլխավոր հաշվապահի` ժամանակի կառավարման ունակությունները:
Աշխատանքի ճիշտ բաշխման դեպքում գլխավոր հաշվապահը կարող է չզբաղվել ամենօրյա հաշվապահական հաշվառման վարման գործընթացով, այլ զբաղվել ռազմավարական, ստանդարդներից դուրս եկող հարցերով և լինել վերահսկողի դերում: Պետք է լինել վերահսկող ոչ միայն սխալների հայտնաբերման և ուղղման նպատակով, այլ նաև աշխատողների գնահատման և մոտիվացիայի նպատակներով: Ավելի մեծ մոտիվացիա չկա ենթակայի համար, քան գովեստի խոսքերը:
Մոտիվացիան նույնպես մի հմտություն է, որը պետք է գլխավոր հաշվապահը կիրառի իր ենթակաների նկատմամբ` ավելի ուժեղ և նվիրված թիմային աշխատակից ունենալու համար: Եվ իհարկե, պետք է գլխավոր հաշվապահը հետևի իր ենթակաների վերապատրաստմանը և անընդհատ աճին: Միայն դա կարող է տալ նրան վստահություն և հաշվապահական հաշվառման վարման արդյունավետություն:
No comments :
Post a Comment