Ինտերնետի և տեխնոլոգիաների զարգացումը կազմակերպություններին գովազդի լայն հնարավորություններ է տալիս: Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ երբևէ կգա մի օր, որ կարելի կլինի գովազդել ապրանքը կամ ծառայությունը ինտերնետի միջոցով:
Այսօր գովազդներ կարելի է տեսնել ամենուր` փողոցում, հեռուստացույցի էկրաններին, գրքերում և ինտերնետում:
Հնարավորությունները մեծ են, բայց շատ հաճախ չկա ճիշտ հանդիսատես: Խնդիրն այն է, որ մարդիկ հոգնում են միանման գովազդային հոլովակներից, պաստառներից, միանման կարգախոսներից: Հնարավորությունները իսկապես մեծ են, պետք է դրանք ճիշտ կիրառել:
Պետք է անել ամեն հնարավոր բան` տարբերվելու և հանդիսատեսին գրավելու համար: Մարքեթինգի ոլորտում ամենատարածված մոտեցումներից մեկը այսպես կոչված AIDA-ն է, որը կարելի է կիրառել հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար:
AIDA-ն չորս անգլերեն բառերի հապավում է`ուշադրություն (Attention), հետաքրքրություն (Interest), ցանկություն (Desire), գործողություն (Action): Ըստ այս մոտեցման հեղինակ Էլմո Լյուիսի` դրանք հաճախորդի` նոր գաղափարի ընկալման չորս փուլերն են, և պետք է օգտագործել դրանք` հաճախորդին ճիշտ ճանապարհով հասնելու համար:
Ուշադրություն (Attention) – հաճախորդի ուշադրությունը գրավելը ամենակարևոր նախապայմանն է: Այսօրվա շուկայում ուշադրության կենտրոնում հայտնվելը շատ դժվար է: Կարելի է օգտագործել այնպիսի նկարներ կամ մշակել այնպիսի խոսք, որ կշարժի հաճախորդի զգացմունքները:
Հետաքրքրություն (Interest) – այս փուլում պետք է շեշտը դնել ապրանքի կամ ծառայության առավելությունների և յուրահատկությունների վրա: Փորձեք օգտագործել հակիրճ, բայց իմաստալից նախադասություններ:
Ցանկություն (Desire) – ժամանակն է ներդնել Ձեր համոզելու հմտությունները: Մանրամասնորեն ներկայացրեք Ձեր ապրանքի հատկանիշները: Խուսափեք հարուստ և ճոխ բառապաշարից. կարծում եմ` այն կարող է հեշտ չընկալվել:
Գործողություն (Action) – սա AIDA-ի ամենադժվար փուլն է: Այստեղ մեծ դեր են խաղում ոչ միայն նախկին փուլերում ունեցած «հաջողությունները»: Կարևոր են նաև սպասարկման որակը, գնային քաղաքականությունը: Փորձեք գնման գործընթացը դարձնել հնարավորինս հեշտ և հասկանալի:
AIDA-ն մարքեթինգի դասական մոտեցումներից է: Կարծում եմ`եթե այս մոտեցմանը գումարենք մեր երևակայությունը` հաշվի առնելով նաև հաճախորդի ցանկությունները, այն կարող է հաջողության ճանապարհ հարթել մեզ համար:
No comments :
Post a Comment