October 11, 2011

Ինտերնետ մարքեթինգի օգուտները

Այսօր` թվային  տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, հարցերը ծագում են շատ ավելի արագ, քան կհայտնվեն նախորդների պատասխաններըՓոխվում են ժամանակները, փոխվում են նաև բիզնեսի զարգացման օրենքները: Պետք է ճկուն լինել, հարմարվել այդ փոփոխություններին, նոր իրավիճակին ....

Այժմ գովազդային դաշտում հաճախորդների հետ աշխատելու հիմնական գործիքներից մեկը ինտերնետն է, որը ներկայիս պայմաններում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար կարևոր խթան է հանդիսանում:






Որևէ ապրանք կամ ծառայություն ձեռք բերելիս մենք ենթագիտակցորեն նախապատվությունը տալիս ենք նրանց, որոնց մասին առավել տեղեկացված ենք: Ապրանքի ընտրության հարցում մեծ դեր է խաղում նաև տեսողական հիշողությունը: Օրինակ` խանութում ցուցադրված մակարոնների լայն տեսականու միջից աչքի են ընկնում այն փաթեթները, որոնք ավելի հաճախ ենք տեսել, և որոնք մնացել են մեր հիշողության մեջ:

Հենց սրանում է կայանում ինտերնետ մարքեթինգի դերը` ներկայացնել ձեռնարկության կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները հաճախորդների առավել լայն զանգվածի` դրանով իսկ ավելացնելով պոտենցյալ հաճախորդների թիվը: Այստեղ վերանում է նաև ժամանակի խնդիրը, այսինքն` թե' աշխատանքի վայրում, թե' տանը նստած` որոնման համակարգերի օգնությամբ մենք կարող ենք գտնել մեզ հետաքրքրող ապրանքը կամ ծառայությունը, ստանալ մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը և անգամ պատվիրել որևէ ապրանք:

Սա մենք դիտարկեցինք հաճախորդի տեսանկյունից: Իսկ ինչպե՞ս վարվել առաջարկողի կարգավիճակում և ինչպե՞ս ինտեգրվել ժամանակակից գովազդային աշխարհում: Այս ուղղությամբ առաջին անհրաժեշտ քայլը կայքի ստեղծումն է, այնուհետև որոնման համակարգերում վերջինիս առավել տեսանելի դարձնելը:

Ինտերնետ օգտագործողների 90%-ը կոնկրետ ապրանք կամ ծառայություն գտնելու համար օգտվում է որոնման համակարգերից, իսկ նրանցից 88%-ը որոնումներն իրականացնում  են արդյունքների մինչև 3-րդ էջը: Ուստի կայքի օպտիմալացումը առաջին էջերում հայտնվելու համար ևս դառնում է անհրաժեշտություն:

Օրինակ, եթե մենք ունենք տուրիստական փաթեթ և առաջարկում ենք մշակութային տուրեր` իմանալով, որ մեր հաճախորդներն օգտվում են ինտերնետից, «մշակութային տուր» բառի կամ այլ բանալի բառերի օգնությամբ պետք է հայտնվենք այնտեղ, որտեղ մեր հաճախորդը որոնում է մեզ:

Դիտարկենք ևս մեկ օրինակ: Ասենք վաճառում ենք օգտագործված մեքենաներ: Ո՞ր բանալի բառերը կուղղորդեն մեր պոտենցյալ հաճախորդներին դեպի մեր կայք: Բնականաբար հարկավոր է օպտիմիզացիան իրականացնել առավել շատ որոնումներ ունեցող բառերով:

Ամենակարևորը հաճախորդների հետ հետադարձ կապի առկայությունն է: Նրանք միշտ կարող են գրել մեզ, տալ իրենց հետաքրքրող հարցերն ու պատասխաններ ստանալ: Անկախ այն բանից` մեր գրասենյակը կամ խանութը այդ պահին բաց է, թե ոչ, մենք միշտ հասանելի ենք մեր հաճախորդների համար:

Ինտերնետ մարքեթինգի առավելություններից է նաև նրա առաջարկած անվճար գովազդի հնարավորությունը: Գաղտնիք չէ` ինչ արժեն այսօր գովազդային հոլովակները կամ վահանակները:  Ինտերնետ մարքեթինգի որոշ գործիքների գրագետ օգտագործումը հնարավորություն է տալիս ստանալ նույն արդյունքները առանց գումար ներդնելու:

Ինտերնետ մարքեթինգի միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն մեծացնել վաճառքի ծավալները, այլև, հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները, կայուն դիրք ապահովել ժամանակակից շուկայում:

Այսպիսով ցանկացած ոլորտի բիզնեսի հաջողության գործում ակնհայտ է դառնում ինտերնետ մարքեթինգի անհրաժեշտությունը, որը կարող է հրաշալի հիմք ստեղծել ինչպես մեծ, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների հետագա զարգացման համար:

4 comments :

  1. Կուզենայի ավելի մանրամասն լիներ ինտերնետ մարկետինգի մասին: Իմ կարծիքով, սա մակերեսային հոդված է:

    ReplyDelete
  2. @Armbusinessbank: Շնորհակալություն կոմենտի համար: Կուզենայի նշել, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր նպատակները: Կայքերը պետք է ծառայեն բիզնեսի նպատակների իրականացմանը:

    Կարող է բանկի կայքի համար այս հոդվածում չկան լուծումներ, բայց կարող եք կապվել մեր մասնագետներին, ովքեր ձեզ հետ ավելի կոնկրետ խնդիրներ կքննարկեն:

    ReplyDelete
  3. Իսկապես գովազդը շատ կարևոր է վաճառքի լուրջ ծավալներ ապահովելու համար, իսկ մեր օրերում ինտերնետն ամենամատչելի դաշտն է …

    ReplyDelete
  4. Իմ կարծիքով Ինտերնետ մարքեթինգը այսօր ամենակարևոր բանն է, քանի որ այսօր ինտերնետի և տեխնիկայի դարն է:

    ReplyDelete