October 18, 2011

Երևանյան աշնանային ցուցահանդեսները

Որպես կանոն Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսները Երևանում ցուցահանդեսների և էքսպոների ամիսներ են: 2011-ը ևս բացառություն չէր: Մենք` երևանցիներս, հնարավորություն ունեցանք մասնակցել և ներկա գտնվել մի շարք ցուցահանդեսների: Այս անգամ կփորձենք կիսվել ձեզ հետ մեր տպավորություններով:

Նման ցուցահանդեսների կազմակերպումը և մասնակիցների ակտիվությունը շատ ոգևորիչ են: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը բիզնես աշխարհի նկատմամբ: Այդպիսի իրադարձությունները դրական ազդեցություն են ունենում Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման և ամրապնդման վրա:


Նրանք, ովքեր այցելել են վերջին ցուցահանդեսներից որևէ մեկին, երևի թե կհամաձայնվեն ինձ հետ, որ, գուցե ոլորտում ունեցած թերի փորձի պատճառով, ցուցահանդեսները դեռևս հեռու են կատարյալ լինելուց և ունեն մի շարք բացթողումներ:

Առաջինը, որ պետք է նշեմ, կազմակերպչական խնդիրներն են. այցելուներ չկան: Այս պատճառով շատ կազմակերպություններ ցուցահանդեսների մասնակցությունը «ժամանակի և միջոցների անիմաստ վատնում» են համարում: Պետք է կարողանալ գրավել հաճախորդին, հետաքրքրություն մտցնել նրա մեջ:

Համաձայն եմ, որ դժվար է հայ հանդիսատեսին բացատրել ցուցահանդեսի նպատակը, նրա ընձեռած հնարավորությունները, առավելությունները: Բայց շատ անգամ հասարակությունը անգամ տեղյակ չէ: Բոլորս էլ երևի ստանում ենք sms հաղորդագրություն այս կամ այն էքսպոյի մասին: Իսկ ստացողների քանի՞ տոկոսն է կարդում հաղորդագրությունը մինչև ջնջելը:

Ինչպես տեսնում եք` խնդիրը միայն կազմակերպիչներինը չէ: Պետք է փոխել մարդկանց վերաբերմունքը նման միջոցառումների նկատմամբ, իսկ հաջորդ քայլով` անել ամեն հնարավոր բան` նրանց սպասելիքները արդարացնելու համար: Պատահում են ցուցահանդեսներ, երբ դժվար է հասկանալ` ինչին է նվիրված ցուցահանդեսը, ովքեր են մասնակիցները, ինչ ոլորտում են գործում:

Չնայած այս մի քանի թերություններին` պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացա` տեսնելով շատ կազմակերպությունների պատրաստվածության աստիճանը և վերաբերմունքը ցուցահանդեսին` տաղավարի օրիգինալ դիզայն և ձևավորում, հաճելի և կիրթ սպասարկում, հետաքրքիր անակնկալներ… Մի քանի տարի առաջ մենք կարող էինք միայն երազել դրա մասին: Մենք իսկապես բավականին առաջ ենք գնացել: Հուսանք` մյուս թերություններն էլ կպակասեն տարեցտարի: Պարզապես երևի մեզ մոտ առաջընթացը մի քիչ դանդաղ է ընթանում, չէ՞:

1 comment :

  1. Հուսանք` մյուս թերություններն էլ կպակասեն տարեցտարի - եսել եմ համամիտ: Դա կարելի է անել այսպիսի միջոցառումների կազմակերպման հաճախականությունը մեծացնելու միջոցով:

    ReplyDelete