November 22, 2011

Ընդլայնենք հարմարավետության գոտու սահմանները

Հարգելի ընթերցողներ, այս հոդվածում որոշեցինք գրել մի այնպիսի թեմայի մասին, որը մեր կարծիքով պետք է հետաքրքրի բոլորին: Վստահ եմ, որ բոլորի հետ պատահած կլինի մի իրավիճակ, երբ ամեն գնով ինչ-որ բանի ցանկանում եք հասնել, ներդնում եք բավական ջանք և արդյունքում անհայտ պատճառներով մնում եք նույն տեղում: Եթե նույնիսկ Դուք պատրաստ եք փոխել Ձեր կյանքը դեպի լավը, հարմարավետության գոտին Ձեզ ստիպում է ետ վերադառնալ:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում հարմարավետության գոտին: Կոպիտ ասած` հարմարավետության գոտին մեր գիտելիքների կարողությունների շրջանակն է:

Հարմարավետության գոտին երաշխավորում է որոշակի կայունություն և արդեն իսկ ծանոթ գործողություններ կատարելու մեջ հաջողություն: Սակայն միայն հարմարավետության գոտու սահմաններում ապրելու փորձը կարող է լուրջ սահմանափակող գործոն լինել:

Այս գոտում մենք չենք ուզում որևէ բան փոխել: Մենք հարմարավետ ենք զգում, քանի որ այստեղ մենք մեր «ափսեում» ենք, մեր գիտելիքների կարողությունների շրջանակներում:

Այստեղ չկա կիրք, վտանգ, հաղթանակ: Բայց միևնույն ժամանակ այն ամենավտանգավոր երևույթներից է, որ կարող է լինել:

Մեծ թվով մարդիկ, ովքեր ցանկացել են մնալ հարմարավետության գոտում, ձգտել են անվտանգության, իրենց կյանքը վերջացրել են հեռուստացույցի առջև, միայնակ:

Ինչու՞: Հարմարավետության գոտին առաձգական է, այն կարող է ինչպես ընդլայնվել, այնպես էլ նեղանալ և կրճատվել: Եթե դուք զբաղվում եք ինչ-որ նոր գործունեությամբ, գոտին ընդլայնվում է: Սակայն, եթե դուք գիտակցաբար չեք ընդլայնում այդ գոտին, այն հետզհետե ժամանակի ընթացքւոմ նեղանում է: Առանց ջանքերի այն պահպանել ֆիքսված դիրքում անհնար է: Եթե դու չես թիավարում, դու խորտակվում ես: Եթե դու չես զարգանում, դու հետընթաց ես ապրում:

Ապրող օրգանիզմը, որը դադարում է սովորելուց, մահանում է: Երբ մենք մնում ենք մեր հարմարավետության գոտում, մենք դադարում ենք սովորելուց:

Ուրեմն անհրաժեշտ է բացահայտել բոլոր այն աշխատանքները, գործերը, որոնք դուք մի կողմ եք դրել այն պատճառով, որ դրանք դուրս են Ձեր հարմարավետության գոտուց, Ձեր ներկա գիտելիքների մակարդակից, և սկսել աշխատել հենց այդ ուղղությամբ:  Հենց այս հատկությունն է, որ սովորական մարդկանց դարձնում է լիդեր:

Ինչու՞ ամենօրյա կյանքում մարդիկ հազվադեպ են դուրս գալիս իրենց հարմարավետության գոտուց: Դրա պատճառը խոչընդոտներն են: Երբ մարդն ընկնում է մի իրավիճակի մեջ, որտեղ անհարմար է զգում, նա երկար ժամանակ հիշում է այդ իրավիճակը և աշխատում է ապագայում նման իրավիճակներից փախչել, խուսափել: Ընդհանրապես դա բնական երևույթ է, և հենց դրա համար էլ պետք է հարմարավետության գոտին: Մենք չենք սիրում պահանջկոտների, մենք չենք սիրում աշխատել նրանց հետ, ովքեր նյարդայնացնում են, մենք չենք սիրում ինքներս մեզ համար բարձրացնել չափանիշները, մենք չենք սիրում նրանց, ովքեր մեզ անհանգստացնում են, մենք վախենում ենք փոխվելուց, վախենում ենք շփվելուց, սխալ գործելուց, մերժվելուց…

Նրանք, ովքեր հաղթահարում են այս վախերը, դառնում են լիդերներ: Լիդերությունը դա վախեցնող երևույթ է, քանի որ անհրաժեշտ է դուրս գալ հարմարավետության գոտուց: Միայն քչերն են խիզախում անել դա:

Յուրաքանչյուր ոք պետք է անընդհատ մտածի, որ ուզում է ապրել ավելի լավ, ուզում է նոր բան սովորել և պետք է ստիպի ինքն իրեն դա անել: Առաջին հերթին անհրաժեշտ է ներքին մոտիվացիա` ներկա հարմարավետության գոտուց դուրս գալու, սեփական կյանքի և գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար: Եթե մարդն ունի նման մոտիվացիա, ապա վստահությամբ կարելի է ասել, որ կհասնի հաջողության:

Սակայն այստեղ նույնպես կա մի որոշակի սահման: Մենք պետք է ընտրենք առաջին հերթին այն գործողությունները, որոնք գտնվում են մեր ուսուցման գոտում և սկսենք ընդլայնել մեր հարմարավետության գոտին ուսուցման գոտու հաշվին: Խուճապի գոտում  գտնվելով` մենք այլևս չենք կարողանում սառը դատել, հավասարակշիռ մտածել: Այստեղ գտնվում են այն գործողությունները, որոնց մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպիսի մոտեցում ցույց տալ: Ուստի միանգամից խուճապի գոտու գործողությունների անցնելը կարող է սթրեսի, մոտիվացիայի անկման պատճառ դառնալ:

Պետք է զգուշորեն մոտենալ և չշփոթել խուճապի գոտին  ուսուցման գոտու հետ: Քանի որ ինչպես հարմարավետության գոտում, մենք չենք կարող առաջընթաց գրանցել խուճապի գոտում:

Հարմարավետության գոտին ընդլայնելու բնազդը, ինքնաարտահայտման նոր ձևերի փնտրտուքները կարող են ակտիվացվել 2 ուղիով` ներքին և արտաքին:

Այն անհատը, որը ունի ներսից այդ բնազդը, մոտիվացիան, կարող է այն իրականացնել` ստանալով որոշակի կարողություններ դասական թրեյնինգների և դասընթացների ժամանակ:
Եթե ներսից այս բնազդը ակտիվացնելը դժվար է, ապա այն պետք է ակտիվացնել արտաքին ազդակների շնորհիվ` ստեղծելով միջավայր, որտեղ մարդը ստիպված է ընդունել ոչ ստանդարտ որոշումներ, որպեսզի ապահովի վերադարձ դեպի հարմարավետության գոտի:  Այս դերն իրականացնում են հատուկ թրեյնինգները, անհատական քոուչինգը:

Ամեն դեպքում պետք է հիշենք, որ հարմարավետության զգացումը պետք է անհանգստացնի մեզ: Մաղթում ենք ուժ և մոտիվացիա` հարմարավետության գոտուց դուրս գալու և ոսուցման գոտի մտնելու համար:

3 comments :

  1. Առաջ դեպի ուսուցման գոտի!!!!!

    ReplyDelete
  2. Հիանալի հոդված է: Հարմարավետության գոտուց դեպի ուսուցման գոտի անցնելը բավականին բարդ, միևնույն ժամանակ զարգացում ապահովող քայլ է: Ինչպես Լիլիթն է նշել, առաջ դեպի ուսուցման գոտի:

    ReplyDelete
  3. Ես օրինակ ռիսկեր սիրում եմ: Հարմարավետությունը գրավիչ է, բայց լճացնում է, լրիվ համաձայն եմ:

    ReplyDelete