December 26, 2011

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՆԱԽԱՇԵՆԻՆ. Մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք, մենք այսօր պիտի հաղթենք…

Հավանաբար շատերին է ծանոթ այս կոչը, որը ստեղծվել է Առաջին հայկական ճակատի կողմից` մեր ֆուտբոլի սաներին և առանձնապես երկրպագուներին ոգևորելու և դեպի նոր հաղթանակներ ուղղորդելու նպատակով:

Մենք իսկապես հզոր ենք, մենք իսկապես ուժեղ ենք, մեզ մնում է միայն հավատալ մեր ուժերին: Հավատալ, որ հայ բիզնեսմենի կարողությունները, ճկունությունը, ապագան տեսնելու ունակությունները այնքան հզոր են և այնքան ուժեղ, որ ամբողջությամբ օգտագործելու դեպքում արդյունքը շատ արագ կլինի…

Իհարկե, շատերը կասեն իրատեսական չէ, այս երկրում հնարավոր չէ, նորմալ օրենքներ չկան: Այսինքն, նորից կանդրադառնանք “Չ” տառի գործած չարիքներին: Բայց որքանով է խելացի փաստել միայն խոչընդոտները, սակայն չմտածել նրանց հաղթահարման ուղիների մասին:
Պետք է դնել նպատակներ, ունենալ նպատակներին հասնելու ցանկություն և ամենա-ամենակարևորը` գործել նպատակներին հասնելու համար: Մենք խելացի ենք, աշխատասեր, լավին հասնելու ցանկություն ունենք…

Պետք չէ վախենալ առաջ գնալուց, պետք է վախենալ տեղում դոփելուց: Պետք չէ վախենալ նոր գաղափարներից, պետք է վախենալ ճահճացած մոտեցումներից:

Ոչ այնքան Հայաստանի հավաքականի հաղթանակներն էին կարևոր, որքան այդ հաղթանակներից հետո ձևավորված միասնականությունը: Իսկ ավելի կարևոր էր այն, որ մենք հավատում ենք ապագա հաղթանակներին: Մեկ տարի առաջ ո՞վ համարձակություն կունենանար մտածել, թե մենք կարող ենք հաղթել Իտալիային: Հիմա ես անկեղծորեն հավատում եմ: Ինձ նման հավատում են շատերը, իսկ հազարավոր մարդկանց դրական էներգիան արդեն հզոր ուժ է:

Դե շախմատի մասին չեմ էլ խոսում, երբ երկրորդ տեղը արդեն համարում ենք անհաջողություն: Եվ ճիշտ էլ անում ենք, մենք պետք է միշտ առաջինը լինենք:

Նույնը կարող եմ ասել բիզնեսի ոլորտի մասին: Եթե հավատանք, և յուրաքանչյուրս իր տեղում իր հասանելիք գործը առավելագույնս անի, ապա արդյունքները ոչ թե սպասեցնել չեն տա, այլ արագ կերևան: Ինչո՞ւ հայ բիզնեսմենը չի կարող արտադրել իտալականի հետ համեմատելի որակյալ ապրանքներ: Ես համոզված եմ` կարող է: Ինչո՞ւ սպասարկման որակը չի կարող համեմատվել եվրոպական երկրների որակի հետ: Ես համոզված եմ` հնարավոր է: Ընդամենը պետք է բացասական երևույթների մասին անընդհատ խոսելուց անցնենք այդ երևույթները վերացնելու և խոչընդոտները հաղթահարելու կոնկրետ աշխատանքների:

Ինչո՞ւ պետք է մի անկատար օրենքը, մի բյուրկրատ պաշտոնյան, մի անազնիվ բիզնեսմենը մեզ համար խոչընդոտներ լինեն: Ինչո՞ւ պետք է հանդուրժեք այդ խորչընդոտները: Թող դրանք լինեն մարտահրավերներ, որոնք վերացնելուց հետո մեր տնտեսությունը կդառնա ավելի լավը, ավելի ազնիվ, ավելի մրցունակ: Ինչո՞ւ պիտի հանձնվենք: Չէ՞ որ պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ու այդ գործը պետք է միասին անենք:

Բի-Էս-Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և Հայաստանի Բիզնեսի Աշխարհը բլոգի անունից շնորհավորում եմ Հայաստանի գործարար աշխարհին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Սուրբ Ծննդյան խորհուրդը և Նոր Տարին թող մեզ համար լինեն մեր հզորությունն և մեր ուժը օգտագործելու սկիզբ և հիմք, որպեսզի հասնենք նոր հաղթանակների: 

Մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք, մենք այսօր պիտի հաղթենք…

2 comments :

  1. Ձեզ հաջողություններ ենք մաղթում 2012-ին: Կշարունակենք հետևել բիզնեսի թեմայով Ձեր պրոֆեսիոնալ գրառումներին:

    ReplyDelete
  2. Ինչ վատ է, որ այս տոնը մեկ անգամ է տարում: :(

    ReplyDelete