February 9, 2012

Ինչպե՞ս գովազդել աննկատ, բայց արդյունավետ


Թաքնված գովազդ` երևույթ, որ գրեթե միշտ ուղեկցում է մեզ: Մարդիկ ընտրում են գովազդի հենց այս տեսակը, քանի որ նման գովազդները բավականին արդյունավետ են: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում թաքնված գովազդը և ինչպե՞ս է այն կիրառվում: Սա գովազդի տեսակ է, որը ներկայացնում է ապրանքներ ոչ ավանդական գովազդի միջոցով, սովորաբար դա արվում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, տեսահոլովակների և հաղորդումների ընթացքում ոչ ֆորմալ ձևով, օրինակ` ֆիլմի ընթացքում դերասանները կրում են բրենդային հագուստ կամ օգտագործում օծանելիք, կոսմետիկա և այլն:

Հատկանշական է, որ թաքնված գովազդն ամենևին էլ նոր չէ, այն առաջացել է դեռ 19-րդ դարից, երբ Ժյուլ Վերնը իր «Ութսուն օր աշխարհի շուրջ» գրքում նշեց բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների անուններ: 1920-ականներին այս գովազդի տեսակը ակնհայտորեն կիրառվում էր ֆիլմերում: 1950-ականներին հեռուստածրագրերը արդեն իսկ ներառում էին տարբեր ընկերությունների թաքնված գովազդներ:


Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ շատ հաճախ փորձում են նմանակել, ընդօրինակել իրենց սիրելի և ճանաչված դերասաններին, երգիչներին: Ասելով ընդօրինակել նկատի ունենք նաև ուշադրություն դարձնել իրենց կուռքի առօրյա հագուստին, մեքենային, նախընտրելի խմիչքին: Մեր` հայկական իրականության մեջ, թաքնված գովազդի երևույթին հաճախ հանդիպում ենք հեռուստասերիալներում: Օրինակ` շատերիս է հայտնի  հեռուստասերիալներում  բազմաթիվ տեսարաններում գովազդվում են կոնյակներ, հյութեր, կամ սրճարաններ: 
  
Այժմ թաքնված գովազդի առավել տարածված տեսակ է նաև ապրանքի ներկայացումը բլոգի միջոցով: Ինչպե՞ս է դա արվում: Վարելով իր անձնական բլոգը` բլոգերը սովորաբար խոսում կամ քննարկումներ է վարում քաղաքում առկա ծառայությունների և նորաբաց խանութների վերաբերյալ: Հաճախ նա նաև վատաբանում է տվյալ ընկերության կողմից մատուցվող ծառայությունները հակադրելով մեկ այլ, առավել մատչելի ընկերության հետ: Ի տարբերություն միջազգային տվյալների, երբ թաքնված գովազդի շնորհիվ ընկերությունների եկամուտը օրեցօր աճում է (միայն 2010թ.-ին ԱՄՆ-ում մոտ 10 միլիարդ դոլարի շահույթ է գրանցվել) Հայաստանում բլոգի միջոցով ապրանք գովազդելը այնքան էլ տարածված չէ: Թերևս այս ուղղությունը նոր-նոր է սկսում զարգանալ այստեղ և հաճախ բավականին ակնհայտ գովազդ է հիշեցնում:   

1 comment :

  1. Թաքնված գովազդը որն է?: Այն, որ օրինակ, խոսեմ Հայաստանում բիզնեսի ավտոմատացման ոլորտում առաջատար ընկերության մասին, ու օրինակիս մեջ գրեմ "Ակթրեյդ-Սոֆթ" ՍՊԸ. Բաղրամյան 31 ա 229081,229082?
    Դա է?:-)

    ReplyDelete