April 5, 2012

Հայաստանի կառավարման ոլորտի խորհրդատուները միավորում են իրենց ուժերը


Կառավարման խորհրդատվությունը Հայաստանում լուրջ զարգացումներ է ապրում և այս ոլորտում վերջին տարվա ընթացքում որակական լուրջ առաջընթաց է տեղի ունեցել: Անցյալ տարվա նոյեմբերին հիմնադրվել է «Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտ» կազմակերպությունը, որի նպատակներն են աջակցել Հայաստանում կառավարման խորհրդատվության ոլորտի որակական զարգացմանը, խթանել խորհրդատվության կիրառումը Հայաստանի մասնավոր և հանրային հատվածներում, կազմակերպել և անցկացնել խորհրդատուների միջազգային սերտիֆիկացում Հայաստանում, ապահովել կազմակերպության անդամների մշտական մասնագիտական զարգացման հնարավորություններ, մշակել և կիրառության մեջ դնել կառավարման խորհրդատվության մասնագիտական ստանդարտներ, մշակել և հետևել խորհրդատուների կողմից ընդունված վարքագծի կանոններին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2011թ. մարտին «ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» (EBRD BAS) Հայաստանի գրասենյակի  կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվեցին 6 խորհրդատուներ, ովքեր մասնակցեցին Թբիլիսիում կազմակերպված և Բրիտանական Exponential Training & Assessment  ընկերության կողմից իրականացված Certified Management Consulting Essentials (CMCE) դասընթացին: Դասընթացը հավաստագրված էր Բրիտանական Խորհրդատվության Ինստիտուտի կողմից, որը հանդիսանում է կառավարման խորհրդատվության ոլորտում չափորոշիչներ թելադրող համաշխարհային առաջատարներից մեկը: Ամբողջ ծրագիրը ֆինանսավորված էր EBRD BAS-ի կողմից:

Դասընթացին մասնակցում էին 6-ական խորհրդատուներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև ներկայացուցիչներ երեք երկրների BAS ծրագրերից: Ամբողջ դասընթացը կառուցված էր թիմային աշխատանքի և մրցակցային սկզբունքների վրա: Կարևոր է նշել, որ Հայաստանի խորհրդատվական թիմը մշտապես հաղթում էր` ցուցաբերելով ճկունություն, ստեղծագործականություն և թիմային արդյունավետ աշխատանք: Ըստ դասընթացն իրականացնող, ETA անգլիական ընկերության փորձագետ Ջոն Մուրի, այդպիսի հատկանիշներով են առանձնանում պրոֆեսիոնալ խորհրդատուները:

Դասընթացի ավարտից երկու շաբաթ անց մասնակիցները Բրիտանական Խորհրդատվական Ինստիտուտին ներկայացրեցին Շարունակական Պրոֆեսիոնալ Զարգացման (Continuous Professional Development) առաջադրանքը, որի արդյունքում Հայաստանը ներկայացնող բոլոր խորհրդատուները (Մարինա Պողոսյան, Մարիամ Ֆայնբերգ, Աննա Եվդոկիմովա, Կարեն Մարտիրոսյան, Սամվել Բարեյան, Սամվել Գևորգյան), ինչպես նաև EBRD BAS Հայաստանի գրասենյակի աշխատակից Արմեն Ասատրյանը ստացան CMCE հավաստագրված կառավարման խորհրդատուի վկայագիր, ինչպես նաև հրավիրվեցին դառնալու Բրիտանական Խորհրդատվական Ինստիտուտի անդամներ: 

Հայաստան վերադառնալուց քիչ անց սկսվեցին քննարկումներ տեղի կառավարման խորհրդատվական ոլորտի մասնագետներին միավորելու ուղղությամբ: Մի շարք հանդիպումներից հետո որոշում կայացվեց հրավիրել Հայաստանի խորհրդատվական շուկայի բոլոր մասնագետներին մասնակցելու Կոնգրես հյուրանոցում կազմակերպված ֆորումին, որը կազմակերպել էր EBRD BAS Հայաստանի գրասենյակը: Արձագանքն անսպասելիորեն դրական էր, քանի որ ներկա գտնվեցին 75 խորհրդատուներ և որոշում կայացվեց սկսել ինստիտուցիոնալ կառույցի հիմնադրման աշխատանքներ` կառավարման խորհրդատուների ուժերը միավորելու նպատակով: Մի շարք կազմակերպչական աշխատանքներ իրականացնելուց հետո, 2011թ. Աշնանը,  Հայաստանի Ամերիկյան Համալսարանում հրավիրվեց  Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի (Institute of Management Consulting of Armenia կամ IMC Armenia) հիմնադիր ժողով, որին ներկա գտնված 50-ից ավելի խորհրդատուներ կողմ քվեարկեցին  կազմակերպության հիմնադրմանը, ընտրվեց խորհուրդ, վերստուգիչ հանձնաժողով, ինչպես նաև նախագահ` ի դեմս Սամվել Գևորգյանի: Մեկ ամիս անց կազմակերպությունը ստացավ պետական գրանցում` ՀՀ Արդարադատության նախարարությանում: Պետք է նշել EBRD BAS-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Տիգրան Աղաբեկյանի դերը կազմակերպության կայացման գործում, ով մշտապես հետևում էր աշխատանքների իրականացման գործընթացին ու լիարժեք աջակցություն ցուցաբերում կամայական հարցում:

Մի քանի շաբաթ անց կազմակերպությունում ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք սկսեցին մշակել ռազմավարական ծրագիրը, անդամակցության մակարդակները, մարքեթինգային և հանրության հետ կապերի ծրագիրը, խորհրդատուի էթիկայի կանոնները:

Մեկ այլ, նոր որակական մակարդակ էր այն, որ 2012թ. հունվարին  IMC Armenia-ն իրավունք ստացավ կազմակերպելու Հայաստանում առաջին CMCE դասընթացը, քանի որ Հայաստանի խորհրդատուները լավագույնն էին տարածաշրջանում, ինչպես նաև IMC Armenia-ի երկու ներկայացուցիչներ` Մարինա Պողոսյանն ու Սամվել Գևորգյանը դարձան  Բրիտանական Խորհրդատվական Ինստիտուտի լիիրավ անդամներ, ովքեր նույն ինստիտուտի կողմից հավատարմագրվեցին որպես դասընթացավարներ:
Դասընթացի կազմակերպման գործում նորից իր ամբողջական աջակցությունը ցուցաբերեց EBRD BAS-ի Հայաստանյան գրասենյակը: Մրցույթի արդյունքում ընտրվեցին 22 խորհրդատուներ, որոնց միացավ EBRD BAS-ի տարածաշրջանային տնօրենը: Մարտի 28-31-ը անցկացված դասընթացն անցավ բավականին հաջող: Ինչպես նշել է EBRD BAS-ի տարածաշրջանային տնօրեն Յաապ Սփրեյը` դասընթացի հոյակապ կազմակերպումը, իրականացումը, դասընթացավարների և մասնակիցների բարձր  պրոֆեսիոնալիզմը լրջագույն հիմք են հանդիսանում IMC Armenia-ի կողմից Հայաստանի խորհրդատվական շուկայի զարգացման գործում: 

IMC Armenia-ի հաջողությունները արձանագրվել են նաև Մեծ Բրիտանիայում, որտեղ վերջերս հրատարակվեց հոդված  IMC Armenia-ի վերաբերյալ

Կարևոր է նշել, որ IMC Armenia-ն Բրիտանական Խորհրդատվության Ինստիտուտից լիցենզիա է ստացել մեկ տարվա ընթացքում ուսուցանել 100 խորհրդատուների: Համաձայն Հայաստանի Կառավարման Խորհրդատվության Ինստիտուտի նախագահ` Սամվել Գևորգյանի, կազմակերպության նպատակն է առաջիկա տարիներին Հայաստանում ունենալ մի քանի տասնյակ CMCE խորհրդատուներ, ինչպես նաև նվազագույնը չորս խորհրդատու, ովքեր ձեռք կբերեն Certified Management Consultant (CMC) կոչում, որը  կառավարման խորհրդատվության ոլորտի անհատական բարձրագույն մակարդակն է:

Նպատակը մեկն է` դառնալ Կառավարման Խորհրդատվության Ինստիտուտների Միջազգային Խորհրդի (The International Council of Management Consulting Institutes կամ ICMCI,) անդամ, որը կառավարման խորհրդատվության ոլորտի կազմակերպությունների բարձրագույն մակարդակն է:

Իսկ ապագա ծրագրերը բազմաթիվ են. Խորհրդատուների սերտիֆիկացման նոր դասընթացների անցկացում, խորհրդատվական ընկերությունների ցուցահանդեսի կազմակերպում, ներգրավում միջազգային ծրագրերում և այլն: Այս դեպքում արդեն կարելի է վստահորեն խոսել կառավարման խորհրդատվական ծառայությունների արտահանման մասին: Այսինքն, գործընթացը շարունակական է և ներգրավելու է նորանոր մասնագետների` ի նպաստ Հայաստանում խորհրդատվական շուկայի և Հայաստանի տնտեսության զարգացմանը:

1 comment :

  1. Ողջունելի գործընթաց է; Հաջողություն: Թող տարբեր բնագավառների տարբեր մասնագիտությունների տեր նորանոր մասնագետներ ներգրավվեն այդ գործընթացում, որը կխթանի Հայաստանում խորհրդատվական շուկայի, ինչպես նաև՝ տնտեսության զարգացմանը:

    ReplyDelete