July 30, 2012

ԴԱԺԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. մաս 2


Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, այս տարի Հայաստանում կանխատեսվում է  8-9% աճ գյուղատնտեսության ոլորտում…Թե ինչ է նշանակում այս աճը, պարզ է. Գյուղացին ստացել է ավելի շատ բերք համեմատած, դեռ պարզ չէ, թե որ տարվա հետ (այս մասին լրատվությունը լռում է):

Դե ինչ, որպես օրինակ թերևս նշեմ դեղձը: Այս տարի դեղձի բերքը իրոք շատ առատ է, նույնիսկ ծառերի ճյուղերն են կոտրվում: Կարծես թե ուրախալի փաստ է, որը սակայն բավականին տհաճ երևույթներ է առաջ բերում: Առատ բերքը գրեթե չի վաճառվում, քանի որ գնորդներ պարզապես չկան:


Իհարկե, որոշ մասը վաճառվում է շուկաներում, սուպերմարկետներում, ճանապարհների վրա: Սակայն, սրանք փոքր քանակներ են. Հիմնական մասը պետք է ձեռք բերվի վերամշակողների կողմից: Հոդվածը գրելու ժամանակ տեղեկացա, որ նույն իրավիճակը լոլիկի շուկայում է. Բերքը շատ է, իսկ հուլիսի 30-ի դրությամբ դեռ մթերումներ չկան: Կարծես բոլորը սպասում են, որ բերքի լճացումներ լինեն ու բնականաբար գները կտրուկ կնվազեն: Իհարկե միակ տուժողը մնում է գյուղացին:

Ինքս ականատես եղա, թե ինչպես է Պտղավան գյուղում 1 կգ դեղձը վաճառում են ընդամենը 40-50 դրամով: Այսինքն, մեկ արկղ դեղձի գինը (20 կգ) սահմանելով առավելագույնը 1000 դրամ: Սակայն նման մատչելի գնով դեղձ վաճառելը դեռ բավարար չէ բերքի սպառումն ապահովելու համար:  Արդյունքում այդ բերքը ուղղակիորեն փչանում է: Նման վիճակ էր Նոյեմբերյանի Այրում, Պտղավան, Դեղձավան, Հաղթանակ, Զորական, Լճկաձոր և այլ գյուղերում: Իսկապես սարսափելի իրավիճակ է:

July 9, 2012

ԴԱԺԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. մաս 1


Նկարը վերցված է www.hraparak.am կայքից
Photo © hraparak.am
Աշխատանքի բերումով վերջին ամիսներին բավականին հաճախ եմ լինում մարզերում: Շաբաթվա 3-4 օրը անց եմ կացնում Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի և Տավուշի մարզերի հեռավոր գյուղերում: Այցելություններիս հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների բնակիչներին հիմնադրելու նոր ձեռնարկություններ, որոնք կնպաստեն համայնքների տնտեսական ակտիվությանը, կստեղծեն աշխատատեղեր, ինչպես նաև կավելացնեն բնակիչների որոշ զանգվածի եկամուտը: Մեծ ջանքեր ենք ներդնում`  առաջ մղելու համայնքների զարգացումը ձեռնարկատիրական գործունեության միջոցով: Մենք հավատում ենք այն գաղափարին, որ երբ գյուղական համայնքում գործում է մի քանի հաջողված բիզնես, ապա համայնքի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական և թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել: Սակայն, կուզենայի կիսել մտքերս այն խոչընդոտների վերաբերյալ, որոնց հանդիպոմ ենք մեր ծրագրերի իրագործման ճանապարհին: