July 9, 2012

ԴԱԺԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. մաս 1


Նկարը վերցված է www.hraparak.am կայքից
Photo © hraparak.am
Աշխատանքի բերումով վերջին ամիսներին բավականին հաճախ եմ լինում մարզերում: Շաբաթվա 3-4 օրը անց եմ կացնում Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի և Տավուշի մարզերի հեռավոր գյուղերում: Այցելություններիս հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների բնակիչներին հիմնադրելու նոր ձեռնարկություններ, որոնք կնպաստեն համայնքների տնտեսական ակտիվությանը, կստեղծեն աշխատատեղեր, ինչպես նաև կավելացնեն բնակիչների որոշ զանգվածի եկամուտը: Մեծ ջանքեր ենք ներդնում`  առաջ մղելու համայնքների զարգացումը ձեռնարկատիրական գործունեության միջոցով: Մենք հավատում ենք այն գաղափարին, որ երբ գյուղական համայնքում գործում է մի քանի հաջողված բիզնես, ապա համայնքի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական և թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել: Սակայն, կուզենայի կիսել մտքերս այն խոչընդոտների վերաբերյալ, որոնց հանդիպոմ ենք մեր ծրագրերի իրագործման ճանապարհին:

Խոչընդոտներից մեկը մեր գյուղական բնակչության հոգեբանական ծանրագույն վիճակն է: Չեմ վախենում այս բառը գրելուց, քանի որ իրականությունից հեռու չես կարող փախչել: 
Նորություն չի լինի, եթե նշեմ, որ մարդիկ բարոյալքված են, ոչնչի չեն հավատում, հուսալքված են և այլն: Սակայն ամենավտանգավորն այն է, որ մարդկանց նախաձեռնողականությունը հավասարվել է ԶՐՈյի` ի հետևանք վերոհիշյալ իրավիճակների: Մարդիկ ոչ միայն ոչինչ չեն անում, այլև ոչ մի բան չեն նախաձեռնում: Ի պատասխան նրանք նշում են, որ ամեն ինչ ի սկզբանե ձախողման է դատապարտված: Նրանք ուղղակի չեն ուզում աշխատել: Միայն հատուկենտ մարդիկ են, որ ակտիվորեն զբաղվում են հնարավոր ամեն ինչով` առևտուր, անասնապահություն, որոշ փոքր արտադրություններ և այլն: Մինչդեռ մյուսների զբաղմունքն է նրանց եկամուտները հաշվելը: Հաջորդ խոչընդոտը տեղական ենթակառուցվածքների վատ, որոշ դեպքերում ծայրահեղ վատ վիճակն է: Ինչպե՞ս կարող են Սիսիանի տարածաշրջանի Լծեն գյուղի գյուղացիները իրենց բերքը հասցնել քաղաքի բնակիչներին, երբ ճանապարհների կատարյալ վատ վիճակի պատճառով մեքենաները փչանում են և անտանելի մեծ քանակությամբ վառելիք է ծախսվում: Գյուղացիները նույնիսկ կատակում են` թե ճանապարհներն այնքան վատն են, որ կարծես բնական խնոցի լինեն, ինչի արդյունքում թարմ կաթը կարագ է դառնում նախքան Սիսիան հասնելը:

Ամենամեծ խոչընդոտներից, թերևս, տեղական ինքակառավարման մարմինների անգործությունն է: Նախկինում կասկածում էի, այժմ համոզված եմ, որ գյուղապետերի մի հոծ զանգված աշխատում է միայն այն օրերին, երբ մարզ է ժամանում բարձրաստիճան պաշտոնյա կամ երբ վերջիններս հրավիրվում են մարզպետերի կողմից ինչ-որ ժողովի: Էլ չեմ նշում այն դեպքերը, երբ նրանցից պահանջվում է տրամադրել որոշ վիճակագրական տվյալներ: Կատարվում են նկարչական և մաթեմատիկական իսկական գլուծգործոցներ: Համայնքներից մեկի գյուղապետարանում նստած էինք, երբ տվյալներ էին լրացնում խոշոր եղջերավոր անասունների վերաբերյալ: Թվերն արդեն պատրաստ էին, երբ գյուղապետարանի հաշվապահը գյուղապետին տեղեկացրեց, որ հարևան գյուղը ավելի մեծ թվեր է ներկայացրել… Ու հնչեցին գյուղապետի դարակազմիկ խոսքերը, - «դրանք ո՞վ են եղել, որ մեզանից անցնեն: Թվերը կրկնապատկեք, որ իմանան ով ով ա»: Իսկ որոշ գյուղապետերի անգրագիտությունը ուղղակի զավեշտի է նման: Մի գյուղապետի խնդրեցի հարցաթերթիկի վրա գրել իր անուն ազգանունը, չեք հավատա, թե ինչ պատասխանեց, «Այդ հարցով իմ քարտուղարն է զբաղվում»: Իհարկե, կան բացառություններ` խելացի, գրագետ, աշխատասեր գյուղապետեր, ովքեր ամեն ինչ անում են իրենց համայնքի զարգացման համար: Ցավոք սրտի, նրանք աննշան փոքրամասնություն են կազմում: Մինչդեռ վերոհիշյալ խնդիրները բերում են նրան, որ գյուղերում երիտասարդներ չեն մնում: Բոլորը փախչում են գյուղից, մի մասը` Երևան, մի մասը` ԱՊՀ, իսկ քչերը, և իրենց խոսքերով ամենաբախտավորները` Եվրոպա կամ ԱՄՆ: Գնում են ու գնում: Ամեն շաբաթ, ամեն օր… Բնականաբար առանց երիտասարդների ապագա չկա: Ուղղակի չկա և վերջ:

Իսկ հիմա ասեմ ամենասարսափելին: Դժխախտաբար վերջին 15-20 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվում: Բացարձակապես ոչինչ: Ո´չ մարդկանց մտածելակերպը, ո´չ գյուղապետերի մոտեցումները: Չեն բարելավվում տեղական ենթակառուցվածքները:

Ի՞նչ անել այս իրավիճակում: Ինչպե՞ս աջակցել, երբ որոշ դեպքերում նույնիսկ այդ աջակցությունն է մերժվում: Մարդիկ չեն հարմարվում այս իրավիճակին: Մարդիկ իրենց ապագան չեն տեսնում: Մարդիկ ոչ միայն անտարբեր են շրջապատի, այլ հենց իրենք իրենց հանդեպ:

Կուզենայինք լսել ձեր կարծիքը, ձեր մոտեցումները, ձեր լուծումները: Իսկ մեր առաջարկները հաջորդիվ….

4 comments :

  1. Զարհուրելի պատկեր է իրոգ, Սամվել... Ազգը գնում է կործանման, երբ գյուղացին հուսալքված և անտարբեր է.. Ինչ որ բան այնպես չե դանիական թագավորությունում, կասեր Համլետը, այցելելով ՀՀ հեռավոր գյուղերը...

    ReplyDelete
  2. «Գտնված Երազ»ի-ի ծերուկն ասում է.
    - Ինչ որ մի բան սխալ է: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում: Եվ ես հոգնեեեեել եմ....
    Բայց դե սա ծերուկի խոսքեր են, ոչ երիտասարդների, ովքեր պետք է Հայաստանը դարձնեն մեր երազանքների երկիրը...

    ReplyDelete
  3. Հարգելի Սամվել Գևորգյան: Իսկ Գեղարքունիքի մարզի հետ կապված որևէ ծրագիր չունե՞ք նախատեսված: Շատ կուզենայի տեղեկանալ:

    ReplyDelete
  4. Հարգելի Նարինե, առաջիկա երկու տարում մենք, ըստ ծրագրի, աշխատելու ենք Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում, սակայն հնարավորության դեպքում կընդգրկենք նաև Գեղարքունիքի մարզը:

    ReplyDelete