April 25, 2013

Անշունչ վաճառք


Երբ խոսում ենք վաճառքի մասին, առաջինը, որ մեր միտքին գալիս է, դա երկու անձանց փոխհարաբերություններն են, երբ մեկը վաճառողն է, մյուսը` հավանական գնորդը: Այսինքն, վաճառքը երկու անձանց միջև տեղի ունեցող գործողություն է, երբ նրանցից մեկը փորձում է ապրանք կամ ծառայություն վաճառել մյուսին:

Սակայն պետք  չէ մոռանալ նաև այսպես ասած «անշունչ» վաճառքի մասին, երբ վաճառողի դերում հանդես են գալիս անշունչ առարկաները: Վեբ-կայքը, այցեքարտը,  բուկլետը, կատալոգը, գովազդային ցուցանակը, ֆիրմային պատկանող ավտոմեքենան, խանութի ապրանքների դասավորությունը (մերչենդայզինգ) և շատ-շատ այլ անշունչ առարկաներ «զբաղված» են ընկերության ապրանքների կամ ծառայությունների վաճառքով:


Այդպես չէ՞: Համարյա բոլորը կհամաձայնվեն այս մտքի հետ, սակայն այդ գործիքներն արդյունավետ (որպես վաճառքի գործիք) կիրառող ընկերությունների թիվը այնքան էլ շատ չէ: Համոզվելու համար այցելեք որևէ վեբ-կայք, նայեք ձեռքի տակ եղած բուկլետը, փողոցում քայլելիս ուշադրություն դարձրեք գովազդային ցուցնակակների վրա: Դրանցից քանի տոկոսն է, որ «վաճառում է», քանիսին նայելիս ցանկություն է առաջանում անմիջապես մտնել այդ խանութը, զանգահարել այդ ընկերություն կամ օգտվել նրանց ծառայություններից: Հաշվեցի՞ք: Կարծում եմ այնքան էլ մեծ տոկոս չստացաք:

Բոլոր վերոհիշյալ անշունչ առարկաները պետք է «վաճառեն» Ձեր ապրանքները: Չէ՞ որ Դուք դրանց համար վճարել եք: Օրինակի համար դիտարկենք այցեքարտը, որի վրա պատկերվում է ընկերության լոգոն, անունը, պաշտոնատար անձի անունն ու պաշտոնը, կազմակերպության հասցեն, հեռախոսահամարը, վեբ-կայքը:  Այս դեպքում այցեքարտը ընդամենը տեղեկատվության աղբյուր է: Իսկ ինչու՞ այցեքարտին «չստիպել զբաղվել մեր ապրանքների վաճառքով»: Օրինակ, հակառակ կողմում ավելի մեծ տառերով ներկայացնել Ձեր վեբ-կայքը կամ էլ կարելի է գեղեցիկ ձևավորված տարբերակով ներկայացնել Ձեր ապրանքների / ծառայությունների ցանկը: Պետք է շարժել մարդկանց հետաքրքրությունը, երբ նրանք իրենց ձեռքն են վերցնում Ձեր այցեքարտը:


Շատ դեպքեր կան, երբ ընկերությունը պատվիրում  է վեբ-կայք, որի դիզայնը, բովանդակությունը, նկարները ընտրվում են ընկերության տնօրենի քմահաճույքով: Այս դեպքում վեբ-կայքը դուր կգա միայն տնօրենին, բայց ոչ երբեք հաճախորդներին կամ գործընկերներին:

Ձեզանից քանիսն են հանրային ավտոբուսների վրա գովազդը տեսնելով շտապել տվալ խանութ գնումներ կատարելու: Բանը նրանում չէ, որ այս տեսակ գովազդը չի աշխատում, այլ նրանում, որ այն անարդյունավետ չի կիրառվում: Այն «վաճառող» չէ, այլ տեղեկատվական գործիք կամ լավագույն դեպքում գեղեցիկ, աչք շոյող պատկեր: Սակայն չեմ կարծում, որ գովազդատու ընկերությունը պատվիրել է այդ պատկերը վարորդներին կամ հետիոտներին գեղագիտական հաճույք պատճառելու համար:

Չարժե անտեսել «անշունչ» վաճառքի հնարավորությունները: Շատ դեպքերում, այն ավելի արդյունավետ է և առավել ևս անհրաժեշտություն չկա նրանց «վաճառքից տոկոսներ վճարել»:
ՀԻԼԿՈ խանութ - սրահի բուկլետը` որպես լավ օրինակ

No comments :

Post a Comment