April 9, 2013

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Ուսանողների աշխատունակության և պրակտիկայի խթանում» ծրագրի շրջանակներում...


«Ուսանողների աշխատունակության և պրակտիկայի խթանման» ծրագրի շրջանակներում (ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից) Բի-Էս-Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում է բոլոր իրավասու պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններին ներկայացնել իրենց դիմումները` ծրագրին որպես «հյուրընկալող» ընկերություն մասնակցելու համար:

Ծրագրի մասին

«Ուսանողների աշխատունակության և պրակտիկայի խթանման» ծրագիրը 6-ամսյա ծրագիր է, որը մեկնարկել է 2013թ. մարտի 15-ին: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել ուսանողների աշխատունակության մակարդակը սննդի վերամշակման ոլորտում` ստեղծելով համապատասխան արտադրական պրակտիկայի հնարավորություններ և բարելավելով նրանց բիզնես հմտությունները:

Ծրագիրը կիրականացվի հետևյալ 5 փուլերի միջոցով`

 - Փուլ 1. Վերամշակող ընկերությունների ընտրություն և կարիքների գնահատում

 - Փուլ 2. Քոուչինգ / թրեյնինգ դիագնոստիկա և կարիքների գնահատում թեմաներով  վերամշակող ընկերությունների համար
 - Փուլ 3. Թրեյնինգներ ուսանողների համար և ուսանողների ընտրություն
 - Փուլ 4. Արտադրական պրակտիկա
 - Փուլ 5. Գնահատում

Ծրագրի արդյունքում կստեղծվի փոխշահավետ համագործակցություն վերամշակող ընկերությունների և ուսանողների միջև: Կբացահայտվեն մասնակից ընկերությունների «կարիքները» և բացթողումները, որոնք կլրացվեն` օգտագործելով պրակտիկանտների կարողությունները: Մասնակից վերամշակող ընկերությունները կանցնեն մի շարք թրեյնինգներ, այդ թվում` կարիքների գնահատում, դիագնոստիկա, կադրերի ընտրություն: Թրեյնինգների ընթացքում ձեռք բերված գիտելիքները հետագայում կօգտագործվեն ընկերության առավել արդյունավետ կառավարման համար: Ծրագրի ավարտին կտպագրվի փոքրիկ ուղեցույց-ձեռնարկ` արտադրական պրակտիկայի ճիշտ կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
Ընտրված 30 ուսանողները ևս կմասնակցեն մի շարք դասընթացների` ուղղված հիմնականում բիզնես կարողությունների զարգացմանը: Ծրագիրը հնարավորություն կտա նրանց զարգացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ աշխատանքային ոլորտում անհրաժեշտ այլ կարողություններ: 

Ովքեր կարող են դիմել
Ծրագրին կարող են դիմել տեղական գրանցում ունեցող պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող բոլոր ընկերությունները:

Դիմելու կարգը
Բոլոր իրավասու կազմակերպությունները կարող են ուղարկել իրենց դիմումները (դիմումի ձևը ներկայացված է այստեղ) Մարիամ Չիբուխչյանին mariam@bsc.am հասցեով մինչև Ապրիլի 19-ը, ժամը 17:00:

Ընտրության կարգը և չափանիշները
Դիմում ներկայացրած ընկերություններից ընտրվելու են 10 ընկերություններ: Ընտրության համար հաշվի են առնվելու հետևյալ չափանիշները.

- Առկա մարդկային ռեսուրսները
- Ընկերության կողմից ֆինանսական կամ այլ ներդրումների առկայությունը
- Պրակտիկանտների հետ աշխատելու փորձը
- Ծրագրի շրջանակներում ձեռք բերված փորձը հետագայում կիրառելու ցանկությունը և պատրաստակամությունը


Վերջնական ընտրության համար հնարավոր է` առաջանա հանդիպման կամ հեռախոսային քննարկման անհրաժեշտություն: Ընտրության վերջնական արդյունքների մասին դիմում ներկայացրած ընկերությունները կտեղեկացվեն վերջնաժամկետից հետո 7-10 աշխատանքային օրվա ընթացքում:


Հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Չիբուխչյանին` զանգահարելով 57.47.78 հեռախոսահամարով կամ գրելով mariam@bsc.am հասցեին:  

No comments :

Post a Comment