Հայաստանյան իրականության մեջ ուսանողների անցումը բուհից աշխատաշուկա բարդ է ու խոչընդոտներով լի: Ունենալով կրթություն, սակայն չունենալով համապատասխան փորձ՝ նրանք աշխատանք փնտրելու ճանապարհին հանդիպում են մի շարք դժվարությունների:
Ի՞նչն է խանգարում բուհ-աշխատաշուկա կապի արդյունավետ իրացմանը, ի՞նչ հիմնախնդիրներ են առկա ոլորտում և ինչպե՞ս կարելի է բարելավել առկա իրավիճակը:
Banks.am-ը զրուցել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի հետ, որը ներկայացրել է այս հարցերի շուրջ իր տեսակետները:
Բուհից աշխատաշուկա կապը խզված է
Բուհ-աշխատանքային շուկա կապը Հայաստանում հեռու է արդյունավետ լինելուց: Դասավանդման ծրագրերը, մեթոդներն ու գործիքակազմը հետ են մնում շուկայի պահանջներից, իսկ ուսուցումը կատարվում է ժամանակավրեպ ծրագրերով: Անընդհատ զարգացող աշխարհում, երբ տեղեկատվության ծավալը բավականին մեծ է, և շուկայի կառուցվածքն ու գործատուի պահանջները փոփոխվում են օր օրի, բուհերի տված գիտելիքները դառնում են ոչ մրցունակ:
Այդ պատճառով, մինչ աշխատանքի անցնելը, ուսանողը ստիպված է լրացուցիչ միջոցներ և ժամանակ տրամադրել այդ պահանջներին համապատասխանելու համար: Ոչ կիրառական գիտելիքներով ուսանողները դժվարությամբ կամ ընդհանրապես չեն ընդունվում աշխատանքի:
Մյուս կողմից, բուհերի տրամադրած գիտելիքների հիմնական մասը տեսական է, իսկ ուսանողական պրակտիկան շատ ժամանակ կրում է ձևական բնույթ: Չնայած որոշ բուհեր փորձում են համատեղել տեսական գիտելիքները գործնականի հետ, այնուամենայնիվ, կիրառական գիտելիքների պակասը շարունակում է մնալ բուհ-աշխատաշուկա կապի խզման հիմնական պատճառներից մեկը: