September 26, 2016

10 խորհուրդ Սահակ Քահանայի կողմից

Սահակ Քահանա
Այսօր ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն խորհրդատվական ընկերությունները, որոնք տրամադրում են աջակցություն և խորհրդատվություն բիզնեսի ամենատարբեր ոլորտներում: Զարմանալի է, բայց փաստ, որ բիզնես խորհրդատուներ գործել են Հայաստանում դեռ 20-րդ դարի սկզբին: Նրանցից մեկը Սահակ Քահանան է` Սահակ Պարթևի հետնորդներից մեկը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Սահակ Քահանան իր եկեղեցական ծեսերի հետ միասին եղել է գյուղացու լավագույն խորհրդատուն գյուղատնտեսական, այգեգործական և այլ հարցերում:Կարելի է ենթադրել, որ Սահակ Քահանան հիանալի խորհրդատու է եղել նաև իր երեխաների համար: Մեզ են հասել քահանայի 10 խորհուրդները, որը նա թղթին է հանձնել որդու ծննդյան 18 ամյակի առթիվ:

«Սիրելի բալաներս, Սաթիկ և Պապիկ,

Մի քանի խորհուրդ եմ տալիս, ճշտությամբ կատարեցեք, չեք փոշմանիլ և բախտավոր կլինեք:
  1. Հավատարիմ սիրով սիրեցեք միմյանց, բայց ամեն գործում միմյանց դրության մեջ մտեք:
  2. Ձեր առողջության վրա մեծ ուշ դարձրեք:
  3. Բոլոր մարդկանց հետ (բարեկամ թե չարեկամ) քաղաքավարի վարվեք, բնավ կոպիտ բառեր միք գործածիլ:
  4. Հեշտությամբ մարդկանց միք հավատալ, իսկական բարեկամները շատ քիչ են:
  5. Սիրեցեք մտավոր թե ֆիզիկական աշխատանքը, բայց ձեզ միք հոգնեցնիլ:
  6. Առանց նախահաշիվ կազմելու ծախսեր միք անիլ:
  7. Աջողութեան ժամանակ միք հպարտանալ:
  8. Անաջողութեան ժամանակ միք հուսահատվիլ:
  9. Հաշիվների մեջ ճշտապահ յեղեք բոլորի հետ:
  10. Չար մարդկանցից մտերիմների համար վատ խոսքեր լսելուց առանց ատելության քաղաքավարի բացադրվեք:

Ձեզ միշտ սիրող Հայր
Պապիկի ծննդյան 18-րդ տարեդարձի նվեր:
1927թ. 7 ապրելի»



Արդեն 85 տարի է անցել, բայց, համաձայնեք, որ Սահակ Քահանայի խորհուրդները արդիական են նաև այսօր ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև բիզնես հարաբերություններում:

No comments :

Post a Comment