September 26, 2016

Սկսնակ բիզնեսմենների ամենատարածված 9 սխալները

Սխալների վրա սովորելը վատ տարբերակ չէ, սակայն ինչու՞ սխալվել, եթե կարելի է խուսափել ավելորդ գլխացավանքից:
Ահա դրանցից մի քանիսը, որ գործարար մարդիկ առավել հաճախ են թույլ տալիս`

1.Նախագծի դիտարկումը որպես վերջնական արդյունք: Պատկերացրեք սկսում եք բիզնես պլան մշակել և այնքան եք դրանով տարվում, որ մոռանում եք Ձեր իրական նպատակը` բիզնեսը սկսելը: Այդ իսկ պատճառով հարկավոր է` սահմանել նպատակները`


  • ստեղծել հեռավոր ծրագրեր
  • մշակել գործողությունների ցանկ   
  • սկսել գործել

Իրենց նախաձեռնություններում  հաջողության են հասնում նրանք, ովքեր ունենալով  սահմանված նպատակներ` ճիշտ ժամանակին անցնում են դրանց իրականացմանը:
  
2.Սխալ պատկերացում իմիջի վերաբերյալ: Մեր իրականության մեջ իմիջի մասին սխալ ընկալում է նկատվում հատկապես սկսնակ բիզնեսմենների մոտ: Վերջիններս փորձում են թանկարժեք կոստյումների, գրասենյակային շքեղ կահույքի և նմանատիպ այլ բաների միջոցով  տպավորություն գործել: Իհարկե, այս ամենը կարևոր են, սակայն ոչ թե դրանք են ձևավորում Ձեր դեմքը բիզնես միջավայրում, այլ ճիշտ գործելաոճն ու առաջարկվող ապրանքի կամ ծառայության ճիշտ մատուցումը:

3.Անընդհատ նոր գաղափարներով տարվելը: Մեր կյանքում լինում են այնպիսի շրջաններ, երբ միաժամանակ ծնվում են մի քանի հիանալի գաղափարներ, որոնք այնքան ոգևորիչ ու ցնցող են, որ մեզ իսկական շփոթության մեջ են գցում: Այսպիսի պարագաներում խիստ կարևոր է ճիշտ կողմնորոշվելը, քանի որ հնարավոր չէ միաժամանակ մի քանի բան անելով հասնել ցանկալի արդյունքի: Եթե չափից շատ աշխատանք նախաձեռնեք` միայն  մի մասը կարող եք գերազանց կատարել:

4.Ժամանակի ոչ ճիշտ կառավարում:  Ժամանակի կառավարումը բիզնեսի կարևոր գործոններից մեկն է: Այդ պատճառով որևէ նախագիծ կամ պատվեր իրականացնելիս հարկավոր է  սահմանել գործողությունների հստակ և իրական ժամկետներ:

5.Կատարյալ ապրանք կամ ծառայություն ստեղծելու ձգտումը: Երբեմն կատարելության ձգտումը կարող է խոչընդոտ հանդիսանալ ապրանքը կամ ծառայությունը ժամանակին շուկա հանելու համար: Նախ և առաջ հարկավոր է մուտք գործել շուկա, հետո միայն սկսել կատարելագործել այն` հիմք ընդունելով հաճախորդների արձագանքները: Մինչ սկսելը ուշադրություն դարձրեք այլ ձեռներեցների գործունեությանը, նրանց անցած ուղուն, հաջողություններին և կունենաք ավելի հստակ պատկերացում. Ինչպես սկսել սեփական  բիզնեսը Հայաստանում:

6.Անհրաժեշտ գումարի ոչ ճիշտ հաշվարկում: Գաղտնիք չէ, որ ցանկացած նախագծի իրականացման փուլում ծախսերը միշտ գերազանցում են նախնական հաշվարկները: Պետք է հիշել, որ ինչպես սահմանած ժամկետը, այնպես էլ արժեքը կարող է փոփոխվել: Այս առումով ճիշտ կլինի, որ նախօրոք որոշ գումար հատկացնեք չնախատեսված ծախսերի համար:

7.Ժամանակից շուտ հանձնվելը: Հաջողության են հասնում այն ձեռներեցներն, ովքեր առավել ջանք են գործադրում իրենց աշխատանքի մեջ: Նախքան հանձնվելը վերլուծեք իրավիճակը, մի գուցե ցանկալի արդյունքի հասնելու համար մի փոքր ավելի ջանք է հարկավոր:

8.Չմտածված քայլեր: Բիզնեսը բավականին լուրջ երևույթ է, սակայն  կարող է այնպես ստացվել, որ առանց նախօրոք մտածելու, ծանր ու թեթև անելու որոշում կայացնեք և հետևանքը մեղմ ասած չգոհացնի Ձեզ : Նման դեպքերում կարիք չկա այլևս ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել այդ սխալի վրա,  երկար մտածել թե ինչու այդպես ստացվեց:  Պետք է ուղղակի առաջ գնալ` փորձելով հնարավորինս արագ շտկել իրավիճակը:

9.Սխալ ակնկալիքների սահմանում: Բոլորս էլ ինչ-որ չափով ուշադրություն ենք դարձնում մարդկանց կարծիքներին: Բիզնեսում նույնպես այդպես է: Որևէ ապրանք կամ ծառայություն շուկա հանելիս ակնկալում ենք միայն դրական արձագանքներ և, երբ ոմանց պահանջներին չի համապատասխանում  հուսահատվում ենք:

Ձգտեք որքան հնարավոր է բարձր արդյունքի և մի  հուսահատվեք, երբ  ինչ որ բան այնպես չի ստացվում, առաջ գնացեք և փորձեք անել ավելին… 


No comments :

Post a Comment