Ինչ հիմնավոր ու անհիմն,
օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ասես չեն բերում մեր գործարարները իրենց ձախողումներում
մեղավորներ փնտրելիս: Հարկերը շատ են, իսկ հաճախորդները քիչ: Գաղափար կա, բայց
փող չկա: Վարկեր կան, բայց գրավ չկա: Հիրավի, մեր երևակայությանը սահման չկա:
Ամենատարածվածը, իհարկե, «Ժողովրդի ձեռքը փող
չկա» արտահայտությունն է: Կարծես թե անխոցելի հիմնավորում է: Սակայն, ինչպես հասկանաս
այն գործարարին, ով զբաղվում է թանկարժեք գրասենյակային կահույքի ներմուծմամբ և վաճառքով
ու միաժամանակ ասում է. «Ժողովրդի ձեռքը փող չկա»: Կամ բացում են շքեղ վարսավիրանոց,
էլ ավելի շքեղ գներով ու ձախողման դեպքում ասում. «Ժողովրդի ձեռքը փող չկա»:
Այն գործարարներին, ովքեր աշխատում են բացառապես ցածր
եկամուտ ունեցող մարդկանց կամ մասսայական շուկաների վրա, դեռ կարելի է հասկանալ: Չնայած
ինչպես հասկանաս այն վայ-գործարարին, ով բացում է իր հացի փուռը (ի լրումն հարևանությամբ
արդեն վաղուց գործող մի քանի փռերի) ու մի քանի օր հետո սկսում կարապի երգը. «Ժողովրդի
ձեռքը փող չկա»: Չէ', հնարավոր չէ' հասկանալ:
Կարելի էր չէ՞ այն նույն ժողովրդին հարցել. «Եղբա'յր,
դու փող ունե՞ս»: Չէ', մենք պետք է որոշենք, որ ունի, ու սկսենք մեր բիզնեսը:
Ինչպե՞ս թե, հարևանիս հացը գնելու փող ունի, իսկ իմը` ոչ: Սա մոռանալով` հետո պատճառաբանում
ենք. «Ժողովրդի ձեռքը փող չկա»:
Իսկ ո՞վ է մեղավոր մեր ձախողումներում: Իհարկե մենք:
Առանց իմանալու, թե ում համար է ապրանքը նախատեսված, սկսում ենք արտադրել (չնայած
արտադրության մասին արդեն վաղուց մոռացել ենք): Որոշում ենք ներմուծել ապրանքներ
ու հաստատ համոզված ենք, որ հաջողությամբ վաճառվելու է: Բացում ենք ռեստորան ու վստահ
ենք, որ հաճախորդները հերթ են կանգնելու: Էլ չեմ ասում հացի փռի մասին: Մինչև արտադրելը,
չենք էլ կասկածում, որ մեր լավաշը ամենալավն է:
Այո', մենք համոզված ենք, վստահ ենք, չենք կասկածում… Իսկ ինչու՞: Քանի որ մենք կայացնում ենք միայն էմոցիոնալ որոշումներ: Էմոցիոնալ ժողովուրդ ենք ու մեր էմոցիաները տարածում ենք նաև բիզնեսի վրա, որը նաև նյութական կողմ ունի: Այսինքն, ինչքան էլ ասենք, հաստատենք, պնդենք, ապացուցենք, որ ժողովրդի ձեռքը փող չկա, միևնույն է Հայաստանում յուրաքանչյուր Աստծո օր գնվում և վաճառվում է միլիարդավոր դրամների ապրանքներ ու ծառայություններ: Ընդ որում, ոչ միայն օլիգարխների կողմից, այլ նաև այդ նույն ժողովրդի:
No comments :
Post a Comment