Հայաստանում
բիզնես
անելը դժվար է: Դժվար է, բայց հնարավոր: Այս դժվարին պայմաններում ինչքա՞ն կդիմանան եվրոպացի կամ ամերիկացի բիզնեսմենները Հայաստանում: Մի շաբաթ, մի քանի ամիս, բայց ոչ մի քանի տարի: Իհարկե կան դեպքեր, երբ արտասահմանցի բիզնեսմենը Հայաստանում գործ է անում մեկ տարի և ավելի, սակայն դրանք բացառիկ դեպքեր են:
Իսկ հայ բիզնեսմենները
դիմանում են: Դե կասեք, իսկ ի՞նչ անեն, որ չդիմանան: Տարբերակ չունեն: Չէ', ունեն ու շատերը գնում են այդ ճանապարհով` դադարեցնելով բիզնեսը կամ լքելով Հայաստանը: Բայց դա իրենց անձնական գործն է, և ոչ ոք իրավունք չունի քննադատելու նրանց: Իսկ ով մնում է Հայաստանում, անում է այն, ինչ պետք է անի: Այսինքն, զբաղվում է իր բիզնեսով:
Ամբողջ հարցը նրանումն է, որ որ մերոնք ուրիշ են: Արագ կողմնորոշվող, ճկուն մտքով, նեղ ու դժվար ճանապարհներով գնացող: Հեշտը թողած, դժվարն ենք ընտրում:
Մերոնք ուրիշ են: Մենք մեջն ենք, չեն զգում այն դժվարությունները, որ կան: Այսինքն զգում ենք, բայց ուշադրություն չենք դարձնում:
Մի անգամ, երբ Հոլանդիայում մասնակցում էի բիզնես ֆորումի, մի անգլիացի տնտեսագետ հետևյալն ասեց արևելյան Եվրոպայի բիզեսմենների մասին. «Քանի դեռ ձեր երկրներում բիզնեսով զբաղվելը հերոսություն է, տնտեսության զարգացում արագ տեմպերով չի կարող լինել: Եթե բիզնեսով զբաղվելը լինի ուղղակի բիզնես անել, այդ ժամանակ էլ հնարավոր է տնտեսական հրաշք»: Հավատացեք, Հայաստանում բիզնեսով զբաղվելը հերոսություն է:
Դրսի բիզնեսմենների համար այդ պայմանները ահավոր են և անտանելի: Դե պատկերացրեք. 20 տարի շրջափակման մեջ, արտաքին աշխարհի հետ ճանապարհների սահմանափակ հնարավորություն, համատարած մոնոպոլիաներ, հարկային և մաքսային դաժան պայմաններ, անկատար օրենքներ, թերզարգազած ենթակառուցվածքներ և այլն: Ո՞ր մեկը թվարկենք:
Այս պայմաններում են աշխատում հայ բիզնեսմենները: Արժեք են ստեղծում: Արտադրանք են տալիս: Օր ու գիշեր: Առանց հանգստյան օրերի: Մի Ամանոր է, այն էլ մինչև ժամը 23.45 աշխատում են:
Այսքան աշխատելը իզուր չի անցնում: Մի օր հայ բիզնեսմենների համար լավ հնարավորություններ կբացվեն: Հենց Հայաստանում: Թե չէ ժամանակին Թիֆլիս ու Բաքու ենք կառուցել ու ծաղկացրել, հիմա էլ այն վայրերում, ուր ինքնաթիռով հնարավոր է հասնել: Հա, լավ հիշեցի. Ինչու՞ են հայերը հաջողակ բիզնեսմեններ դառնում արտասահմանյան
երկրներում: Քանի որ… Էլի պետք է գովեմ, բայց բավական է: Ամեն ինչ հասկացաք:
No comments :
Post a Comment