Հայաստանի տնտեսությունը ունի «պարզ կառուցվածք»` բաղկացած
2 մասից. ներքին սպառումն ապահովող և արտահանմանը միտված:
Ներքին սպառման ուղղություններից են` ներմուծումը,
Հայաստանի բնակչությանը մատուցվող տարատեսակ ծառայությունները, ինչպես նաև փոքր և մեծ
արտադրությունները, որոնք միտված են ծածկելու ներքին պահանջարկը: Իսկ շուկան մեզ մոտ
բավականինփոքր է, հաշվի առնելով բնակչության առկա թիվը, ինչպես նաև մարզային և քաղաքային
բնակչության եկամուտների անհամաչափբաշխվածությունը:
Հանքարդյունաբերությունը չեմ դիտարկում, քանիոր կարծում
եմ Հայաստանի ընդերքի շահագործումը երկարաժամետ կտրվածքով անդառնալի ու ծայրահեղ բացասական
հետևանքներ է թողնում Հայաստանի բնակչության առողջության և, հետևաբար, ապագա սերունդների
վրա: Չնայած կարճաժամկետ կտրվածքով ապահովում է հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցների
որոշակի եկամուտ, ինչպես նաև ապահովում է պետական բյուջեի մի մասը:
Հիմա ամենահետաքրքիրը: Ինչ վերաբերվում է արտահանմանը
միտված ոլորտներին, ապա իմ խորին համոզմամբ գոյություն ունեն չորս հիմնական ուղղություններ,
որոնք ունակ են առաջ տանելու Հայաստանի տնտեսություննու բարձրացնել այն նոր մակարդակի:
Դրանք են.
1. Տեղեկատվական տեխնոլոգիաները` բոլոր հարակից ուղղություններով,
ներառյալ ծրագրավորում, ինժեներական լուծումներ, ռոբոտաշինություն և այլն:
2. Տուրիզմը, քանի որ Հայաստանը չնայած փոքր չափսերին,
ունի տուրիզմի զարգացման հզոր պոտենցիալ:
3. Արդյունաբերական գյուղատնտեսությունը, ներառյալ
ջերմոցային տնտեսությունները:
4. Սննդի վերամշակող արդյունաբերությունը, ներառյալ
գինի, կոնյակ, մրգային օղիներ, պահածոներ, հյութեր, մուրաբաներ և այլն:
Ինչու եմ առանձնացրել այս ոլորտերը, քանի որ ոչ մի
ներկրվող հումքի կամ ներկրվող այլ նյութական ռեսուրսների անհրաժեշտություն չկա: Արժեքը
ստեղծվում է տեղում:
ՏՏ-ի դեպքում, ամբողջ շեշտը դրված է մտավոր ներուժի
վրա: Իսկ հայերին, ինչպես ասում են` «Աստված խելք տվել ու չի խնայել»: Այլ հարց է,
դա ինչպես ենք օգտագործում: ՏՏ ոլորտը ինքն իրենով զարգանում է ի շնորհիվ ոլորտի նվիրյալների,
թե հասարակական, թե մասնավոր հատվածներից:
Տուրիզմի դեպքում, թվեմ միայն այն ուղղությունները,
որոնք կարող են արագորեն զարգանալ. պատմական, մշակութային, բնություն, խոհանոց, հնագիտական…
Զարգացած երկների զբոսաշրջիկները փնտրում են նորանոր երկրներ, որոնց մասին քիչ գիտեն,
որոնք համեմատաբար նոր են հայտնվել համաշխարհային տուրիզմի քարտեզի վրա:
Գյուղատնտեսության ապագան միայն արդյունաբերական դառնալն
է: Փոքր հողակտորներով ոչնչի չենք հասնի: Պետք է խոշոր տարածքների վրա միատեսակ բանջարեղեն
և միրգ աճեցնել: Ներկայումս, թարմ սննդի մեծածախ շուկաներում գնորդները սկզբում քննարկում
են առկա ծավալները, հետո միայն գինը, որակը և այլն:
Ինչ վերաբերվում է սննդի վերամշակմանը, ապա հումքը
գոյանում է հենց արդյունաբերական գյուղատնտեսությունից: Միայն չրերի պահանջարկը աշխարհում
հասնում է միլիարդավոր դոլարների ու անընդհատ աճում է: Պահածոները, հյութերը, գինիները…
այս ցանկը կարելի է շարունակել:
Բացի գյուղատնտեսությունից, վերամշակող արդյունաբերության
հումքի հիանալի մատակարար է Հայաստանի բնությունը: Սարերում աճող բազմատեսակ խոտաբույսերը
թեյերի համար լավագույն հումքն են: Անտառներից հավաքվող հատապտուղներից արտադրված մուրաբաները
և հյութերը մեծ պահանջարկ ունեն Եվրոպայում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում: Ըստ գերմանական
GIZ կազմակերպության հետազոտության` ներկայումս հավաքվում է Հայաստանի անտառներում
աճող հատապտուղների միայն 5 տոկոսը: Սարսափելի ցածր ցուցանիշ է: Մնացած 95 տոկոսը ամեն
տարի կորում է: Իսկ դա տասնյակ միլիոնավոր դոլարներ են, եթե ոչ հարյուր միլիոնավոր:
Այս չորս ոլորտների դեպքում են, որ գումարները միայն
հոսում են դեպի Հայաստան: Իհարկե, անհրաժեշտ են ահռելի ներդրումներ նոր ջերմատներ կառուցելու,
գյուղատնտեսության և վերամշակման ոլորտներում նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու, տուրիզմի
առումով ենթակառուցվածքների զարգացման և այլ նպատակների համար: Կարելի է ուղղակի ներդրողների
ուշադրությունը կենտրոնացնել այս ուղղությունների վրա: Ինչքան կոնկրետ, այնքան լավ:
Պատկերացնում եմ, եթե վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանին
տրամադրված բոլոր վարկային և դրամաշնորհային միջոցները ուղղված լինեին վերոհիշյալ չորս
ոլորտներին, ապա մենք հիմա կունենայինք այլ մակարդակի ու հզոր տնտեսություն: Բայց,
ավելի լավ է ուշ, քան երբեք: Ուղղակի հիմա արդեն շատ ուշ է, պետք է սկսել գործել…
No comments :
Post a Comment