Ինչու՞
սկսել բիզնես, պատասխանը պարզ է՝ բարելավելու համար կյանքի որակը՝ անկախ լինելու, երազանքներն
իրական դարձնելու, երջանիկ ապրելու միջոցով։ Սրանք այն ցանկություններն են, որոնք մարդկանց
տանում են բիզնես հիմնադրելու մտքին։ Իսկ ինչպե՞ս հաջողել բիզնեսում, ի՞նչ գործիքակազմ
կիրառել, ինչերի՞ պատրաստ լինել և ինչի՞ց սկսել։ Բիզնեսի մեկնարկը հաջողելու հայտնի
և տարածված սկզբունքներից մի քանիսին մեզնից շատերն արդեն տիրապետում են՝ բիզնեսի հստակ
պլանավորում, կազմակերպում, ղեկավարում և զարգացում, որոնք անհերքելի կարևորություն
ունեն։ Հազարավոր գրքեր և հոդվածներ են գրվել բիզնեսում սուպերհերոս դառնալու ձևերի
և կանոնների մասին, բայց հազարավորներն էլ չեն գրվել ու պահվել են թաքուն: Ստորև առանձնացված
երեք կետերը հենց այդ գաղտնիքներից են...
1. Ձեր շրջապատը ձեր սեփական կապիտալն
է
Այն
վերևից չի ընկել․ տարիների ընթացքում դուք ինքներդ եք կառուցել այն։ Ձեռք
բերված կապիտալը մեծացնելու, նոր հարաբերություններ ստեղծելու պարզագույն հնարավորությունն
ընդմիջման ժամին ճաշը միայնակ չանելն է։ Ի վերջո, շփումը միայն ազատ ժամանակի զբաղմունք
չէ, առօրյա աշխատանքային գրաֆիկում պետք է առաջնահերթություն տալ նաև դրան։ Գուցե հենց
Ձեր մեծ շրջապատում են Ձեր բիզնեսի համախոհները, ովքեր կարող են խթանել բիզնեսի զարգացմանը,
ապագայում դառնալ գործընկերներ կամ համահիմնադիրներ։ Գնալով մարում է հարազատ-բարեկամների
շրջանում բիզնես գործընկերներ ընտրելու տենդենցը․ շատերը գործընկերոջը փնտրում են
ուսանողական, աշխատանքային ընկերների կամ ծանոթների շրջանում։ Վերոնշյալները մարդիկ
են, ովքեր ունեն որևէ յուրահատուկ տաղանդ, ճկուն են կամ հեշտ են հաղորդակցվում, տիրապետում
են ժամանակի կառավարման հմտություններին կամ մասնագետ են ադմինիստրատիվ գործերում։
Հենց այս կապիտալի հիմքով կարելի է ձևավորել հիանալի բիզնես միջավայր՝ աշխատանքային
գրասենյակում կամ դրանից դուրս։
2. Մատուցեք որևէ ավելացված արժեք
Հաճախորդը
բիզնեսի շարժիչ ուժն ու կենսունակությունն ապահովող կարևորագույն անձն է։ Հենց նրա
համար են բիզնեսի բոլոր հավանական և անհավանական, ձեռնտու կամ ոչ այնքան ձեռնտու բոլոր
առաջարկները։ Դե իսկ առաջարկների պակաս չկա։ Դրանցից շատերը գնային մեծ միջակայքերով
առաջարկներ են, որոնց մեջ հաճախորդների մի սեգմենտն ընտրում է ամենամատչելին՝ առանց
որակի մասին էական փաստերի իմացության, մյուս մասն էլ հենց այս նույն հիմքով ընտրում
է գնով ամենաբարձր ապրանքը կամ ծառայությունը, մեկ այլ սեգմենտ ընտրություն է կատարում
այլ չափանիշների դիտարկմամբ:։ Շատ են նաև ակցիայի-զեղչի-գնիջեցման սկզբունքով կառուցված առաջարկները, որոնք ևս մեծ
շուկաներ են գրավում։ Առաջարկների կառուցման հիմքում ամենահաջողված սկզբունքը ավելացված
արժեքով ապրանքի կամ ծառայության մատուցումն է։ Այս դեպքում հաճախորդը գնային սանդղակներից,
զեղչերից ու ակցիաներից այն կողմ նկատում է բիզնես, որը բացի իր հիմնական ապրանքից
կամ ծառայությունից իրեն առաջարկում է հավելյալ արժեք՝ փաթեթավորում, առաքում, անվանական
նվեր, բացիկ, երկանգամյա անվճար այցելություն կամ նվեր քարտ և այլն։ Այդ արժեքը կարող
է լուծել հաճախորդի որևէ խնդիր կամ կարիք, կարող է պարզապես հաճելի էմոցիաներ պարգևել։ Այս պարագայում պետք
է հաշվի առնել նաև Ձեր բիզնեսի և առաջարկող ապրանք/ծառայության ձևաչափերը և առաջարկը
կառուցել հենց դրանց համապատասխան։
3. Պատրաստ եղեք ներդրումների
Ձեր
սեփական միջոցները՝ գումարը կամ անշարժ գույքը Ձեռ առաջին մեծ կամ փոքր ներդրումներն
են բիզնեսում։ Շատերը սա որակում են բիզնես ծախսեր, քանի որ սա ֆինանսավորման ամենառիսկային
ուղիներից է․ գումարը հետ չի վերադարձվում, քանի Դուք բիզնեսում եք։ Սեփական
ներդրումներն անելիս պետք է ինքներդ Ձեզ խոստանաք որևէ սեղմ ժամկետում անպայման վերադարձնել
դրանք։ Նույնը գործում է ոչ միայն գումարի, այլև գույքի պարագայում։ Ներդնելով սեփական
միջոցները բիզնեսում՝ Դուք նաև փորձարկում եք ֆինանսավորման փնտրտուքների յուրօրինակ
մոտեցումենր և անձնական հմտություններ՝ անհրաժեշտ միջոցներ ներգրավելու գործում։ Այս
գործընթացը կարող է նաև լավ օրինակ ծառայել հետագայում այլ ներդրողներ գտնելու համար,
նաև վստահություն ներշնչելու տեսակետից։
Իսկ
ամենամեծ գաղտնիքը՝ չկա ինչ-որ ճանապարհ, կա ՁԵՐ ճանապարհը:
No comments :
Post a Comment