ԲԼՈԳԻ ՀԵՂԻՆԱԿԸ


Բլոգի հեղինակ - Սամվել Գևորգյան

Համառոտ իմ մասին

Ես բնույթով ձեռներեց եմ: Քսանհինգ տարվա ընթացքում հիմնադրել եմ 4 հաջողակ ընկերություններ: Նշանակալից է այն, որ ընկերությունների գործունեության ոլորտները հիմնային տարբերվում են միմյանցից, ինչն էլ հադիսանում է արժեքավոր փորձ բիզնես մտածելակերպ զարգացնելու համար:
Ցանկանում եմ առաձնացնել «Բի Էս Սի»-ում կուտակած անգնահատելի փորձը, քանի որ աշխատել ենք հարյուրավոր ընկերությունների հետ` թե́ հայկական, թե́ արտասահմանյան: Ընկերություններ, որոնք գործում են տասնյակ տարբեր ոլորտներում. այսինքն` փորձ և գիտելիքներ Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ:

Համահեղինակ եմ մի շարք գրքերի, որոնցից «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գիրքը դարձել է հազարավոր սկսնակ ձեռներցների ուղեցույց և տասնակից ավելի ԲՈՒՀ-երի ձեռներեցության դասագիրք: Դասախոսել եմ Ֆրանսիական համալսարանում` ռազմավարություն և ձեռներեցեություն թեմաներով: Հանդիսանում եմ IMC Armenia-յի նախագահ և EBRD բանկի խորհրդատու:

Այս տարիների ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքները որոշեցի կիսել Ձեզ հետ: Որոշների համար այս հոդվածները կարող են դառնալ ոգեշնչման աղբյուր` սեփական գաղափարներն իրագործելու համար, որոշներին կտան բիզնես սկսելու և գործունեություն ծավալելուն առնչվող մի շարք հարցերի պատասխաններ և վերջապես կհադիսանան ինֆորմացիայի աղբյուր` հայկական ու միջազգային բիզնես մոդելներին ու միտումներին  ծանոթանալու համար:     

Ավելի Մանրամասն

«Արեգ»-ն առաջին ձեռնարկությունն էր, որ հիմնադրեցի 1991թ.-ին : Արդեն մեկ տարի էր, ինչ ավարտել էի ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը ու աշխատում էի Երևանի ոսկերչական գործարանում` որպես ծրագրավորող: Այդ մեկ տարին լրիվ բավարար էր հասկանալու համար, որ ինձ համար ամենակարևորն անկախությունն է: Անկախություն` սեփական գաղափարներն իրագործելու, որոշումներ կայացնելու և պատասխանատու լինելու ընտրած ճանապարհի առջև: Անկախություն` սեփական բիզնես հիմնադրելու համար:

Հետագա երկու տարիների ընթացքում աշխատեցինք մի քանի բանկերի, արտադրական ձեռնարկությունների և ծառայություններ մատուցող ընկերությունների հետ` ապահովելով որոշակի բիզնես պրոցեսների ավտոմատացում: Մասնավորապես` մի քանի խոշոր ձեռնարկություններում ներդրվեցին պահեստի կառավարման և ապրանքների մատակարարման համակարգեր:  

Երբ 1992թ.-ի մայիսին ընդունվեցի Հայաստանում Ամերիկյան Համալսարան, պարզվեց, որ ժամանակը չի բավարարում միաժամանակ բիզնեսին և կրթությանը նվիրելու: Ընտրելով կրթությունը` 2 տարի անց ավարտեցի համալասարանը ու ստացա MBA կրթական աստիճան, որից հետո ավելի մեծ ոգևորությամբ շարունակեցի զբաղվել բիզնեսով: Սակայն խնդիրը նրանումն էր, որ Ամերիկյան Համալսարանում բիզնես վարելու վերաբերյալ ստացած արևմտյան որակի գիտելիքների կիրառության դաշտ չկար: Այդ էր պատճառը, որ ո+րոշեցի գտնել այնպիսի ոլորտ, որտեղ հնարավոր էր զարգանալ ու աճել: Բախտավոր էի, երբ իմացա, որ արդեն մեկ տարի գործունեություն ծավալող և ԵՄ ՏԱՍԻՍ ծրագրի կողմից ֆինանսավորվող Armenian Business Support Center (ABSC) –ում բացվել է բիզնես խորհրդատույի հաստիք:  Անմիջապես դիմեցի, հաջողությամբ անցա գերմանացի և հոլանդացի փորձագետների կողմից անցկացված հարցազրույցները և դարձա բիզնես խորհրդատուն:

Ավելի իդեալական ոլորտ չէի էլ պատկերացնի: Աշխատում էինք տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ ձեռնարկությունների հետ. բիզնես պլաններ, սեմինարներ, հետազոտություններ: Իսկ ամենակարևորն այն է, որ մասնակցեցի մի քանի տասնյակ թրեյնինգների մարքեթինիգի, մենեջմենթի, ֆինանսների, մարդկային ռեսուրսների, փոքր բիզնեսի և այլ թեմաներով: Անգնահատելի էր, այն ինչ ստացա արտասահմանյան գործըներներից: Փորձի փոխանակում, կիրառական գործիքներ, նոր գաղափարներ մեզ համար նոր` արևմտյան ոճի տնտեսություննների և բիզնեսի վերաբերյալ:

Երբ 1996թ. Եվրամիության ֆինանսավորումը դադարեց, ABSC-ն դարձավ BSC Business Support Center կամ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն և սկսվեց կազմակերպության տրասֆորմացիան` արտաքին ֆինանսավորում ունեցող կազմակեպությունից դեպի ինքնաֆինանսավորվող մասնավոր ընկերոթյուն: Գործընթացը ավարտվեց 1999թ. երբ ես ընտրվեցի տնօրեն ու սկսվեց BSC-ի նոր` ավելի դինամիկ, դարաշրջանը: BSC-ն դարձավ իմ 2-րդ ընկերությունը:

Մեկ տարի անց, ընկերներով հիմնադրեցինք նոր ընկերություն` «Առողջ Բույսեր», որի գործունեության հիմնական ուղղությունը ջերմոցային տնտեսություններն էին: «Առողջ Բույսեր»-ը դարձավ ջերմատնային ոլորտում նորարարության շունչ հաղորդող ընկերությունը` լինելով առաջինը Հայասատնում դեռ չաճեցված ծաղիկների, մշակաբույսերի, նոր պարարտանյութերի, կաթիլային ոռոգման համակարգերի և ջերմատնային տեխնոլոգիաների ժամանակակից լուծումներ առաջարկող: Ամեն տարի մասնակցում էինք Ամստերդամում անցկացվող խոշորագուն Hortifair ցուցահանդեսին` ծանոթանալով և Հայասատնում ներդնելով նոր մոտեցումներ այս ոլորտում:

Չորրորդ ընկերությունը, որը հիմնադրեցի 2008թ.-ին ընկերոջս հետ, ուներ նախապատմություն: Դեռևս 2000-2002թթ. բիզնես կապերի մեջ էինք հոլանդական «Hilarious Haarlem Holland» ընկերության հետ` Հայաստանում ներկայացնելով Hilco ապրանքանիշը: Սակայն, որոշ պատճառներով դադարեցրեցինք համագործակցությունը` վերսկսելով վեց տարի անց: Հոլանդական գործընկերոջ թույլտվությամբ` ընկերությունն անվանեցինք «Հիլկո»:  Լինելով եռակցման ոլորտի ներկայացուցիչ` «Հիլկո»-ն կարճ ժամանակահատվածում դարձավ շուկայի ամենաորակյալ սարքեր, նյութեր և տեխնոլոգիաներ մատակարարող ընկերությունը` դառանալով 20-ից ավելի եվրոպական, ամերիկյան և  ճապոնական առաջատար արդադրողների ներկայացուցիչը Հայաստանում:

Սակայն, վերոհիշյալ ընկերությունների պետք է ավելացնել նաև իմ խորհրդատավական 22-ամյա գործուներության ընթացքում իրականացված հարյուրավոր ծրագրերը` տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերությունների հետ: Հարյուրավոր թրեյնինգներ, կառավարման ոլորտի խորհրդատվություն, հետազոտական աշխատանքներ և զարգացման ծրագրեր: Այս ամենը ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանի երկրներում, ԱՊՀ տարածքում, արևելյան Եվրոպայի երկրներում, Միջին Ասիայում և Մոնղոլիայում: Բացի այդ, հանդիսանալով Եվորպական Զարացման և Վերակառուցման Բանկի (EBRD) խորհրդատու և թրեյներ, բազմաթիվ ուսուցողական ծրագրեր են իրականացվել EBRD բանկի շահառու երկրների խորհրդատավական ընկերությունների համար:   

Լինելով Հայաստանում կառավարման խորհրդատվության շուկայի ստեղծման և զարգացման ակունքներում` ես հանդիսանում եմ նաև Կառավարման Խորհրդատության Հայաստանի Ինստիտուտի (IMC Armenia) հիմնադիր նախագահ:
Ավելին, 2003-2009 թթ.-ին ես գործնական դասախոսություններ եմ մատուցել Հայաստանի Ֆրանսիական Համալսարանում՝ ռազմավարական կառավարման և ձեռներեցության թեմաներով:

Ես նաև տասնյակից ավելի գիրքերի հեղինակ և համահեղինակ եմ: «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գիրքը հրատարակվել է արդեն 3-րդ անգամ և այժմ նախապատրաստվում եմ 4-րդի հրատարակմանը:

Տարբեր նախագծերի շրջանակներում նաև համագործակցել ենք մեծ թվով միջազգային կառույցների և փորձագետների հետ: Խոշոր հաստատությունների թվին են պատկանում Հայաստանում գործող EU, World Bank, IFC, USAID, OXFAM, GIZ, JICA, UMCOR, World Vision և մի շարք այլ կազմակերպությունները:  

Ինչու՞  այսքան մանրամասն պատմեցի իմ մասին: Քանի որ ժամանակն է իմ փորձառությունը, գաղափարները, գիտելիքներն և մոտեցումները ավելի լայն լսարանի հետ կիսելու: Քանի որ 25 տարվա ընթացքում կուտակած հաջողությունները կարող են ոգեշնչել ձեզ` կերտելու սեփական հաջողությունը: Քանի որ միայն միասին կարող ենք կառուցել մեր տնտեսությունը: Քանի որ զարգացման հիմքում համագործակցությունն է: Իսկ Հայաստանին չափազանց շատ են անհրաժեշտ համագործակցության օրինակներ: Ու ես ինձ չեմ պատկերացնում Հայաստանից դուրս…

Իսկ,  «Արեգ»-ի թեման շարունակվում է, սակայն սա մեկ այլ պատմություն է …


Սամվել Գևորգյան